Ամփոփ ուղեցույց՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման վերաբերյալ
2024 թվականի հարկային տարվա եկամուտների հայտարարագրումը պետք է իրականացնել մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը։ Հայտարարագրման գործընթացի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն, տարբեր ձևաչափերի կիրառմամբ, շարունակում է իրազեկման աշխատանքները՝ ֆիզիկական անձանց հետ ուղղակի հանդիպումներից մինչև անհրաժեշտ տեղեկատվության տարածում լրատվական տարբեր ձևաչափերով։
Ստորև ներկայացնում ենք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման վերաբերյալ ամփոփ ուղեցույց՝ համապատասխան ենթաբաժիններով։
Այո´, պետք է ներկայացնել եկամուտների հայտարարագիր, եթե դուք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և․․․
- 2024 թ. եղել եք վարձու աշխատող,
- 2024 թ. քաղիրավական պայմանագրով ստացել եք հարկվող եկամուտ,
- 2024 թ. ներկայացրել եք հայտարարագիր, ապա 2025-ին ևս պետք է ներկայացնեք,
- 2024 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցրել եք պետական /համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոն,
- 2024 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել եք 2023թ.-ի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից՝ բաժնետեր, փայատեր կամ անդամ,
- 2024 թ. ընթացքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով համարվել եք իրական շահառու,
- 2024 թ. ընթացքում ստացել եք 20 մլն. դրամ կամ ավելի փոխառություն,
- Բնակվում եք ՀՀ-ում, բայց աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում,
- 2024 թ. աշխատել եք թեկուզ մեկ ամիս,
- Գտնվում եք երեխայի խնամքի արձակուրդում,
- 2024 թվականին աշխատել եք և 2025 թվականին գտնվում եք արտերկրում (2024 թվականին հանդիսացել եք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի),
- Աշխատում և բնակվում եք արտերկրում:
Ո´չ, պետք չէ ներկայացնել եկամուտների հայտարարագիր, եթե․․․
- Չունեք ՀՀ քաղաքացիություն կամ ունեք միայն ՀՀ կացության կարգավիճակ,
- ՀՀ քաղաքացի եք, բայց ՀՀ ռեզիդենտ չեք,
- Անչափահաս եք,
- Բանկային հաշվին ստացել եք փոխանցումներ, այդ թվում՝ արտերկրից և մյուս հիմքերով հայտարարատու չեք,
- 2024 թվականին ստացել եք կրթաթոշակ կամ դրամաշնորհ և մյուս հիմքերով հայտարարատու չեք,
- 2024 թվականին ստացել եք 20 մլն դրամ և ավելի վարկ և մյուս հիմքերով հայտարարատու չեք,
- ԼՂ-ից բռնի տեղահանված անձ եք և ՀՀ քաղաքացի չեք,
- 2024 թվականին անշարժ գույքի վաճառքից կամ վարձակալությունից ստացել եք եկամուտ և մյուս հիմքերով հայտարարատու չեք,
- Միայն կենսաթոշակառու եք և մյուս հիմքերով հայտարարատու չեք,
- Հաշվառված եք որպես անհատ ձեռնարկատեր և մյուս հիմքերով հայտարարատու չեք։
Եկամուտներ, որոնք ԵՆԹԱԿԱ´ են հայտարարագրման
- Աշխատավարձ,
- Աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման դիմաց ստացված (այդ թվում՝ արտասահմանից) եկամուտներ,
- Անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներ,
- Անշարժ գույքի վաճառքից ստացված եկամուտներ,
- Բանկային ավանդներից, պարտատոմսերից և բաժնետոմսերից ստացված եկամուտներ,
- Շահումները (խաղատների, տոտալիզատորների, վիճակախաղերի շահումները),
- Վարկեր,
- Բոլոր տեսակի նպաստները, ինչպես նաև ալիմենտները,
- Կենսաթոշակներ, հաշմանդամության կամ զինվորական թոշակներ, կրթաթոշակներ և այլն։
Եկամուտներ, որոնք ԵՆԹԱԿԱ ՉԵ´Ն հայտարարագրման
- Սեփական հաշիվների միջև փոխանցված գումարներ,
- Համավարկառուի կողմից վարկի վերաբերյալ տվյալներ,
- Վճարային տերմինալից կամ բանկում ձեր կողմից ձեր հաշվին մուտքագրված գումարներ,
- Վերադարձված պարտքի գումար,
- Տարբեր տարիներին կուտակված խնայողություններ,
- Անշարժ ու շարժական գույք,
- ԱՁ-ի եկամուտներ։
Միանվագ ստացված մինչև 300 000 դրամ եկամուտ, որը ենթակա չէ հայտարարագրման
- Նվիրատվությամբ ստացած գույք կամ դրամական միջոցներ (այդ թվում՝ արտերկրից ուղարկված), եթե միանվագ ստացված գումարը 300 000 դրամից պակաս է,
- Ժառանգությամբ ստացված գույք, եթե միանվագ ստացված գումարը (այսինքն՝ գույքի արժեքը) 300 000 դրամից պակաս է,
- Ստացված փոխառության գումարները, եթե միանվագ ստացված գումարը պակաս է 300 000 դրամից,
- Գույքի օտարումից ստացված չհարկվող եկամուտները, եթե այդ գումարը պակաս է 300 000 դրամից,
- Անհատույց ստացված չհարկվող եկամուտները, եթե միանվագ ստացված գումարը 300 000 դրամից պակաս է:
Ի գիտություն
- Վերոթվարկյալ բոլոր դեպքերում, եթե մեկ գործարքի շեմը կազմում է 300 000 դրամ կամ ավելի, ապա այդ եկամուտները հայտարարագրվում են։
- 300 000 դրամի շեմը վերաբերում է մեկ գործարքին, այլ ոչ թե օրվա, ամսվա կամ տարվա ընթացքում կատարված գործարքների հանրագումարին։
Օգտակար հղումներ՝
Եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետը սահմանվել է մինչև նոյեմբերի 1-ը
Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ | Մաս 1
Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ | Մաս 2
Հաճախ տրվող հարցեր հայտարարարագրման վերաբերյալ | Մաս 3
Ամփոփ ուղեցույցն՝ այստեղ։