չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
ԱՄՀ փորձագիտական խումբը բարձր է գնահատել վերջին տարիներին հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները

ԱՄՀ փորձագիտական խումբը բարձր է գնահատել վերջին տարիներին հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները

Պետական եկամուտների կոմիտեում Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագիտական խմբի ներկայացուցիչները՝ ղեկավար Մայքլ Էնդրյու Հարդիի գլխավորությամբ, ներկայացրել են Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հարկային վարչարարության ախտորոշիչ գործիքի (Tax Administration Diagnostic Assessment Tool-TADAT) հիման վրա ՊԵԿ հարկային վարչարարության արդյունավետության գնահատման նախնական ամփոփ զեկույցը։ Գնահատման գործընթացի եզրափակիչ հանդիպմանը ներկա են եղել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև այլ մասնագետներ։

ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ փորձագիտական խումբը, ընդանուր առմամբ, բարձր է գնահատել վերջին տարիներին Հայաստանում հարկային քաղաքականության և վարչարարության բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Կոմիտեի կողմից ընդգծվել է միջազգային գնահատող թիմի իրականացրած մեծ աշխատանքն ու գործընթացի կարևորությունը։ ԱՄՀ փորձագետները ներկայացրել են հարկային վարչարարության յուրաքանչյուր ուղղության նախնական գնահատականները, որոնց շուրջ ակտիվ քննարկումներ են ծավալվել։ Զեկույցի նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար ՊԵԿ-ն ունի երեք շաբաթյա ժամկետ:

Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկած բարեփոխումների շրջանակում՝ կոմիտեի նախաձեռնությամբ Արժույթի միջազգային հիմնադրամն իրականացնում է հարկային վարչարարության նոր գնահատում` հարկային վարչարարության ախտորոշիչ գործիքի կիրառմամբ․ փորձագիտական խումբը դիտարկում է 2022-2024 թվականների ՊԵԿ գործունեությունը:

  • Կիսվել: