շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱՄՀ ներկայացուցիչները տպավորիչ են համարել Հայաստանի՝ 2022թ. 12.6% տնտեսական աճը. ՀՀ-ի համար հասանելի կդառնա 24.8 մլն դոլար ծավալով ֆինանսավորում

ԱՄՀ ներկայացուցիչները տպավորիչ են համարել Հայաստանի՝ 2022թ. 12.6% տնտեսական աճը. ՀՀ-ի համար հասանելի կդառնա 24.8 մլն դոլար ծավալով ֆինանսավորում

ԱՄՀ առաքելության՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում կազմակերպվել են ԱՄՀ աջակցությամբ իրականացվող Պահուստային ծրագրի առաջին վերանայման քննարկումները:

«Հաշվի առնելով Պահուստային ծրագրի ներքո Հայաստանի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացումը՝ կողմերն աշխատանքային մակարդակի համաձայնություն են ձեռք բերել ծրագրի առաջին վերանայման ուղղությամբ, իսկ վերանայման հաստատումը ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից պլանավորված է 2023թ. հունիս ամսին: Վերանայման արդյունքում Հայաստանի համար հասանելի կդառնա 24.8 մլն ԱՄՆ դոլար (18.4 մլն ՀՓԻ) ծավալով ֆինանսավորում, որը, սակայն, պլանավորվում է օգտագործել միայն վճարային հաշվեկշռի խնդիրների ի հայտ գալու պարագայում:

ԱՄՀ ներկայացուցիչները տպավորիչ են համարել մի շարք մարտահրավերների ու գլոբալ անորոշությունների պայմաններում Հայաստանի՝ 2022թ. 12.6% տնտեսական աճն ու 2023թ. առաջին ամիսներին տնտեսական ակտիվության բարձր տեմպը, ինչպես նաև Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության նշանակալի կրճատումը մինչև 46.7%: ԱՄՀ գնահատմամբ՝ ընթացիկ տարում տնտեսական աճի տեմպը որոշակիորեն կդանդաղի, սակայն կմնա կայուն մակարդակում՝ պայմանավորված սպառման և ներդրումների նշանակալի ծավալներով: Կանխատեսվում է նաև, որ մինչև տարվա ավարտը գնաճը կթուլանա՝ պայմանավորված դրամավարկային քաղաքականության խստացման ու դրամի արժևորման հետաձգված հետևանքներով, ինչպես նաև ներմուծվող սննդամթերքի և էներգիայի գների նվազմամբ: ԱՄՀ ներկայացուցիչներն ակնկալում են, որ ՀՀ կառավարության 2021-2026թթ. հավակնոտ ծրագրով նախանշված բարեփոխումների հաստատուն իրականացումը միջնաժամկետում կարող է հանգեցնել ավելի բարձր տնտեսական աճի։

ԱՄՀ-ն ողջունել է ՀՀ կառավարության ջանքերը՝ ուղղված հանրային ​​ծախսերի արդյունավետության բարձրացմանը, հանրային ​​ֆինանսների ու հանրային ներդրումների կառավարմանը՝ վստահություն հայտնելով, որ անարդյունավետ հարկային ծախսերի վերացումն ու եկամուտների վարչարարության բարելավումն էական նշանակություն կունենան առաջնահերթ ծախսերի համար անհրաժեշտ հարկաբյուջետային տարածք ստեղծելու համար: Մյուս կողմից, արձանագրվել է պրոակտիվ դրամավարկային քաղաքականության հաջող իրագործումը գնաճային ճնշումների զսպման գործում»,- նշվում է ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում։

  • Կիսվել: