59 327 կրակոց. Պապոյանը ներկայացրեց Արարատում կարկտաբեր ամպերի դեմ տարած պայքարը
Արարատի մարզում 5 ժամվա ընթացքում հակակարկտային կայաններից 59 327 կրակոց է եղել։ Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ խոսելով Արարատի մարզում կարկտահարության և ցրտահարության դեպքերի մասին:
Նշենք, որ Արտաշատի կենտրոնական հատվածում տեղացած կարկուտը վնասներ է հասցրել ծիրանի և խաղողի այգիներին։
ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվեց` ձևավորվե՞լ է արդյոք մասնագիտական խումբ կամ հանձնաժողով, այցելե՞լ են մարզ, կորուստների ծավալները մե՞ծ են, և կլինի՞ արդյոք փոխհատուցում։
Էկոնոմիկայի նախարարը վստահեցրեց, որ համապատասխան հանձնաժողովը ստեղծված է և աշխատում է։ Նրա խոսքով` այս պահի տվյալներով` հիմնական վնասները 7–8 գյուղում են եղել, իսկ մոտ 2 տասնյակ գյուղերում վնասն ինչ–որ չափով է եղել։
Պապոյանի խոսքով՝ իրենք այս պահին անընդհատ օպերատիվ իրավիճակը զեկուցում են, ըստ որի` պտղի մասով միջինում մինչև 30 տոկոս վնաս է եղել, բանջարեղենի դեպքում` 50–60 տոկոս։
«Հակակարկտային կայաններն աշխատել են ողջ ծավալով և ամբողջ գիշերվա ընթացքում։ Մասնագետների ու բնակիչների գնահատմամբ` եթե դրանք չաշխատեին, վնասները շատ ավելի մեծ կլինեին. շատ խոշոր ու ազդեցիկ կարկտաբեր ամպեր են եղել։ Գիտնականներն ասում են, որ կան ամպեր, որոնց որոշակի բարձրության վրա հնարավոր չէ հասնել հակակարկտային կայանների միջոցով»,– նշեց նախարարը։
Նա նաև ասաց, որ գյուղացիների հիմնական խնդիրը վարկերի հետ է կապված. ԿԲ–ի և առևտրային բանկերի հետ համագործակցելով` կփորձեն աջակցել այդ հարցում ու հետաձգել վարկերի մուծումները` ինչպես անցած տարի։