ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
25 տարում 90 երեխա է ապրել մեր ընտանիքում՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող. Բրիտանացի պատգամավորը՝ Նարեկ Մկրտչյանին

25 տարում 90 երեխա է ապրել մեր ընտանիքում՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող. Բրիտանացի պատգամավորը՝ Նարեկ Մկրտչյանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Մեծ Բրիտանիա կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել նաև Երեխաների և ընտանիքի նախկին նախարար, Խորհրդարանի համայնքների պալատի անդամ Էդվարդ Թիմփսոնի հետ։

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանության պետական երաշխիքների ապահովման, այլընտրանքային ծառայությունների շրջանակների ընդլայնման, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների բարելավման, ինչպես նաև խնամատարության ինստիտուտի զարգացմանն ուղղված ծրագրերը։

Նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է խնամատարության ինստիտուտի ընդլայնման և զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքները և հավելել, որ դրանք կրում են շարունակական բնույթ՝ վերապատրաստման դասընթացներ կազմակերպելով խնամատար ծնող ցանկացող անձանց համար, խնամատար ընտանիքի վերաբերյալ հանրության շրջանում բարձրացնելով իրազեկվածության մակարդակը։

Էդվարդ Թիմփսոնն իր հերթին խոսել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում խնամատարության ինստիտուտի կայացման գործում իր ընտանիքի անմիջական մասնակցության մասին․ 25 տարիների ընթացքում շուրջ 90 երեխա` ներառյալ հաշմանդամություն ունեցող, ապրել է նախարարի ընտանիքում։

Կողմերն ընդգծել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրական կարգավորումների, այլընտրանքային խնամքի կազմակերպման ձևերի և այլ հարցերի շրջանակում համագործակցության անհրաժեշտությունը՝ երկուստեք շեշտելով երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացման կարևորությունը։

  • Կիսվել: