ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
24 ժամով կասեցվել է 90 տնտեսվարողի գործունեություն. պարետի որոշումը

24 ժամով կասեցվել է 90 տնտեսվարողի գործունեություն. պարետի որոշումը

ՀՀ պարետի որոշմամբ 24 ժամով գործունեության ժամանակավոր կասեցում է կիրառվել մարզերում և մայրաքաղաքում գործող 90 տնտեսվարողի հանդեպ, այդ թվում՝ դեղատներ, սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, խմիչքի արտադրություններ, խանութներ, տեխնիկայի վաճառք։  Այս մասին տեղեկացնում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից: 

Սահմանափակման ենթարկված տնտեսվարողների մոտ պարետի որոշմամբ հաստատված նորմերի խախտումներ են արձանագրվել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների լայնածավալ մշտադիտարկման արդյունքում։ Մշտադիտարկումների համար հիմք են ընդունվել նաև ՀՀ ԱԱՏՄ թեժ գծով, ֆեյսբուքյան էջով և առցանց ստացված զանգերն ու բողոքները։ Եվս երեք տասնյակի տնտեսավարողի գործունեություն կասեցվել էր նախօրեին։

ԱԱՏՄ ղեկավարի հանձնարարականով՝ տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքների ընթացքում խստորեն դիտարկվում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հաստատված անվտանգության նորմերի պահպանումը տնտեսավարողների կողմից։ Խախտումները ներկայացվել են պարետին։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին է վերապահված ապահովել տնտեսավարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։ Տնտեսավարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։ Ոստիկանության պետ Արման Սարգսյանին է վերապահված ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

  • Կիսվել: