երկուշաբթի, հունիս 15
15 / 6 / 2026
2025 թ. հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճի ներուժի բարձրացմանը

2025 թ. հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճի ներուժի բարձրացմանը

2025 թվականին մեր երկրի հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճի ներուժի բարձրացմանը: Հաշվետու շրջանում հարկաբյուջետային ազդակը եղել է թույլ զսպող, չեզոքին մոտ: 2021-2025 թվականներին տնտեսական աճը միջինում կազմել է 7,9 տոկոս, իսկ 2025 թվականին՝ 7,1 տոկոս: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 15-ի արտահերթ նիստում քննարկման ներկայացնելով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցը:

Խոսելով տարվա ընթացքում ամենակարևոր ձեռքբերումներից՝ նախարարը փաստել է՝ 2025 թվականին աճել են կապիտալ ծախսերը՝ հասնելով ՀՆԱ-ում 6,2 տոկոսի: Ծախսերը հիմնականում ուղղված են եղել մարդկային կապիտալի, անվտանգային և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը:

Հաշվետու ժամանակահատվածում հարկերը կազմել են 2 տրիլիոն 725 մլրդ դրամ: Դրանք 0,6 տոկոսային կետով ավելի են եղել նախորդ տարվա մակարդակից: Բյուջեի պակասուրդը կազմել է 3,7 տոկոս՝ պլանավորված 5,5 տոկոսի փոխարեն:

Անդրադառնալով ՀՆԱ-ի համեմատությամբ պարտքի նվազմանը՝ զեկուցողը նշել է, որ այն կազմում է 47,3 տոկոս՝ 2024 թվականի 48 տոկոսի համեմատ: «Մենք նպատակ ունենք պարտքի սպասարկման ծախսերը մեր եկամուտների մեջ առաջիկայում նվազեցնել 12,1 տոկսից 10 տոկոսի»,- ընդգծել է Վահե Հովհաննիսյանը:

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 5 տրիլիոն 541 մլրդ դրամ: Ըստ զեկուցողի՝ պարտքի մեջ ավելացել է ներքին պարտքի կշիռը. այն նախորդ տարվա 52 տոկոսից աճել է 53 տոկոս:

Հանձնաժողովը հաստատել է ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

  • Կիսվել: