չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
2023-2025 թվականներին մոտ 4500 հա հողային տարածքների խոշորացված միավոր կլինի

2023-2025 թվականներին մոտ 4500 հա հողային տարածքների խոշորացված միավոր կլինի

ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիրը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ այսօր առկա է այնպիսի իրավիճակ, որ 320 հազար գյուղացիական տնտեսություններն ունեն մոտ 1 մլն 100 հազար հողակտոր, իսկ միջին գյուղացիական տնտեսությունն ունի ընդհանուր 1,5 հա հողային տարածք.

«Տեսնում ենք, թե այս պայմաններում գյուղատնտեսության ոլորտն ինչպիսի ցածր արտադրողականություն է դրսևորում, մարդիկ չեն էլ մշակում իրենց ունեցած հողակտորները: Այսօր մշակվում է վարելահողերի մոտ 50 տոկոսը: Մնացած 50 տոկոսը կամ լքված է, կամ չի մշակվում:  Գյուղատնտեսության զարգացումը տեսնում ենք մշակվող հողերի քանակն ավելացնելու և արտադրողականությունը բարձրացնելու մեջ: Այդ համատեքստում կառավարության ծրագրում նշել ենք, որ իրականացնելու ենք հողային ռեֆորմ: Միաժամանակ տեսնում ենք, որ խոշոր գյուղացիական տնտեսություններն իրենց լավ են դրսևորում, չունեն որևէ ֆինանսական դժվարություններ, զարգանում են, մեծ արտադրանք են տալիս: Այդ առումով երկու շաբաթ առաջ հողային ռեֆորմի հետ կապված քննարկում տեղի ունեցավ, և որոշում կայացվեց պիլոտային ծրագիր իրականացնել մի քանի բնակավայրերում, բայց միաժամանակ նաև կարիք կա, որ մեր ջանքերին միանա մասնավոր հատվածը: Մենք այսօր առաջարկում ենք հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության ծրագիր և կոչ ենք անում մասնավոր հատվածին միավորել հողակտորները մեծ միավորների մեջ»,-ասաց Վահան Քերոբյանը:

Ծրագրի էությունն այն է, որ եթե ընկերությունները կոնսոլդիացնեն 30-200 հա հողային միավոր, կառավարությունը աջակցություն կցուցաբերի մելիորացիայի տեսքով    (կազմակերպչատնտեսական և տեխնիկական միջոցառումների համալիր է` ուղղված հիդրոլոգիական, հողային և հողակլիմայական պայմանների բարելավմանը), ինչպես նաև ջրավազանի կառուցմամբ: Կառավարությունը կփոխհատուցի այդ ծախսերի 50 տոկոսը: Ծրագրով նախատեսված է, որ 2023-2025 թվականներին մոտ 4500 հա հողային տարածքների խոշորացված միավոր կլինի:

«Պարզվում է, ասենք 100 հա հողային միավոր ունենալու համար պետք է բանակցել 900 սեփականատիրոջ հետ: Նրանց մի մասի գտնվելու վայրը հայտնի չէ, մի մասը մահացել է, բայց ժառանգության հարցերը կարգավորված չեն, ու գործը մտնում է փակուղի: Հիմա մենք  փորձում ենք այնպես անել, որ ստեղծվի մոտիվացիա, որ մարդիկ չհուսահատվեն այդ ճանապարհին ու փորձեն ներդրումային ծրագրերն իրականացնել: Նույն պայմանները սահմանվում են նաև գյուղատնտեսական կոոպերատիվների համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գյուղատնտեսական հողերի կտրտվածությունն ամենամեծ խնդիրներից մեկն է: Այդ խնդրի լուծման տարբեր տարբերակներ էին քննարկվում, ու Էկոնոմիկայի նախարարության առաջարկածն այդ խնդրի լուծմանն է ուղղված: 

 

  • Կիսվել: