երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2022 թվականին Ռուսաստանից Հայաստան է ժամանել 790,397 քաղաքացի

2022 թվականին Ռուսաստանից Հայաստան է ժամանել 790,397 քաղաքացի

Արդեն շուրջ մեկ տարի է, ինչ կտրուկ ավելացել է Ռուսաստանից Հայաստան քաղաքացիների ներհոսքը` պայմանավորված Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողություններով։

Այսպես, 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Ռուսաստանից ժամանած քաղաքացիների քանակը կազմել է 790,397: Այս մասին Araratnews.am-ին տեղեկացրեցին էկոնոմիկայի նախարարությունից:

Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները՝ նրանց ներհոսքից հետո ակտիվացել է մեր երկրի տնտեսությունը` ազդելով մասնավորապես արտահանման, ծառայությունների, առևտրի ծավալների վրա:

Վկայակոչելով ՀՀ կենտրոնական բանկի տվյալները` էկոնոմիկայի նախարարությունից նշում են, որ 2022թ. հունվար-դեկտեմբերին Ռուսաստանից տրանսֆերտների ներհոսքը կազմել է 3.6 մլրդ ԱՄՆ դոլար՝ 2021 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ աճելով ավելի քան 4.2 անգամ։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.2%, ծառայությունների ծավալի աճը՝ 28.2%, առեւտրինը՝ 17.0%, արտահանմանը՝ 77.7%:

Շատ ռուսաստանցիներ երկարաժամկետ են հաստատվել Հայաստանում, այստեղ տեղափոխելով իրենց գործունեության կենտրոնը։ Հիմնականում այն ծառայությունների ոլորտում է։

Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից` համաձայն ՀՀ պետական ռեգիստրի տվյալների, իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում 24.02.2022 թվականից 19.08.2022 թվականն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող հիմնախնդիրներով պետական գրանցում են ստացել 2,755 կազմակերպություններ եւ անհատ ձեռնարկատերեր (214 ընկերություններ, 2541 Ա/Ձ):

Ակնհայտ է, որ Հայաստանի 2022 թվականի տնտեսական աճի վրա իր ուրույն ազդեցությունն է ունեցել Ռուսաստանը լքած քաղաքացիների ներհոսքը։

  • Կիսվել: