երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
2022 թվականին Հայաստանի ՀՆԱ–ի աճը կկազմի շուրջ 12,5%. ԵԱԶԲ

2022 թվականին Հայաստանի ՀՆԱ–ի աճը կկազմի շուրջ 12,5%. ԵԱԶԲ

2022 թվականին Հայաստանի ՀՆԱ–ի աճը, նախնական գնահատականների համաձայն, կկազմի 12,5%։ Այս մասին 2023 թվականի «Մակրոտնտեսական կանխատեսումը» ներկայացնելիս ասել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) Վերլուծական աշխատանքների տնօրենության երկրների վերլուծության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը։

«Հայաստանի տնտեսությունն ընթացիկ տարում տարածաշրջանում աճի առումով առաջատարն է։ Մեր գնահատականներով` ՀՆԱ–ի աճն ընթացիկ տարում կարող է կազմել 12,5%։ Սա տնտեսության ամենասրընթաց աճը կլինի, հավանաբար, վերջին 15 տարվա ընթացքում», – ասել է Կուզնեցովը։

Նրա խոսքով` նման ուժեղ տնտեսական ակտիվության համար խթան է հանդիսացել սպառողական պահանջարկի աճը։ Այստեղ իր դերն է խաղացել նաև օտարերկրացիների ներհոսքը Հայաստան` նախևառաջ Ռուսաստանից (2.5 անգամ ավելի, քան 2021 թվականին)։
 
Սպառողական պահանջարկին աջակցեց նաև դրամական փոխանցումների կտրուկ աճը։ 2022 թվականին երրորդ եռամսյակում փոխանցումները կազմել են միջինում ամսական մոտ 400 մլն դոլար, ինչը 5 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։
Միևնույն ժամանակ սպառողական պահանջարկը ժամանակավոր բնույթ է կրում և կկայունանա 2023 թվականին։ Դա թույլ կտա, որ տնտեսական աճը հավասարակշռվի` դառնալով 4-4,5%։
 
Ըստ Կուզնեցովի` կտրուկ սպառողական աճը հանգեցրեց գնաճի։ Սակայն պիկը եղել է հունիսին (10,3%), մինչև տարեվերջ ակնկալվում է, որ այն կկազմի 9,5%։
Նվազումն աստիճանաբար կշարունակվի 2023 թվականին և կմոտենա 4%–ին։
Նշենք, որ 2022 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով` Հայաստանի ՀՆԱ–ն մեկ տարում աճել է 14,8 %–ով։ Միևնույն ժամանակ ամենամեծ աճն ապահովել է տեղեկատվության և կապի ոլորտը, ամենաքիչը` կրթության ոլորտը։

  • Կիսվել: