Ընտրություններին օտարերկրյա ճնշումների մասով ԵԽԽՎ զեկույցը մի քիչ անարդար էր․ Քոչարյան
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը մի քիչ անարդար է եղել՝ օտարերկրյա ճնշումների մասով շատ հստակ առանձնացնելով Ռուսաստանը, իսկ արևմտյան երկրների միջամտության դեպքերին հպանցիկ անդրադառնալով։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Եթե Ռուսաստանի դեպքում կային որոշակի հայտարարություններ ԵՄ կուրսն ընտրելու և դրա հետևանքների հետ կապված՝ առանց ուղիղ հասցեատիրոջ, արևմտյան երկրները, օրինակ՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն շատ ուղիղ աջակցություն էին հայտնել ՔՊ-ին և Նիկոլ Փաշինյանին»,- նշեց Քոչարյանը։
Նրա ընկալմամբ՝ միջամտության, ուղիղ աջակցության մյուս դեպքերը շատ ավելի դրական ազդեցություն են ունեցել գործող իշխանության համար։
Պատգամավորի համոզմամբ՝ զեկույցում ընտրությունները, ընդհանուր առմամբ, դրական են գնահատվել, քանի որ ամեն ինչ դիտարկվել է աշխարհաքաղաքական անկյան տակ։
Ըստ նրա՝ առհասարակ այսօր օրենքի գերակայության, մարդու իրավունքների, ժողովրդավարության հետ կապված բոլոր խնդիրները հենց այս լույսի ներքո են դիտարկվում։
Եթե իշխանությունների գործելակերպն իրենց վեկտորին համահունչ է, ապա պարզապես սկսում են չնկատել խախտումները։



