երկուշաբթի, դեկտեմբեր 9
9 / 12 / 2024
ԵԱԶԲ-ը չի կայացրել որոշում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծի ֆինանսավորման վերաբերյալ

ԵԱԶԲ-ը չի կայացրել որոշում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծի ֆինանսավորման վերաբերյալ

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) չի կայացրել որոշում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծի ֆինանսավորման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ԵԱԶԲ-ի կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Յարոսլավ Մանդրոնը սույն թվականի հոկտեմբերի 28-ի նամակով՝ ի պատասխան հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցմանը, գրում է ecolur.org-ը:

«Այսօրվա դրությամբ նախագծի համապարփակ գնահատման միջոցառումները չեն ավարտվել,  «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի նախագծի ֆինանսավորման վերաբերյալ բանկի կողմից որոշում չի կայացվել», - նշված է Յարոսլավ Մանդրոնի ս․թ․ հոկտեմբերի 28-ի պատասխան նամակում։

Նշենք, որ վերջերս ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ 2025 թվականի սկզբից Ամուլսարի հանքում պետք է սկսվեն աշխատանքները՝ նշելով․ «Ամուլսարի հետ կապված հիմա գործընթաց կա, մասնավորապես, ներդրողների ֆինանսավորման հետ կապված պրոցեսների մեջ ենք մենք»:

Իսկ սույն թվականի նոյեմբերի 5-ին՝ 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ,  Գևորգ Պապոյանը հայտնել է, որ Ամուլսարի հանքի մեկնարկի համար պետք է 250 միլիոն դոլար, 100 միլիոն դոլարը գտել են, մյուս 150 միլիոն դոլարն ուզում են վերցնել մեր բանկերից, և այստեղ որոշակի պետական աջակցության ակնկալիք կա:

«Էկոնոմիկայի նախարարությունը պատվիրել է աուդիտ, և աուդիտի արդյունքում կպարզվի՝ մենք կմտնե՞նք դրա տակ, թե՝ չէ, թե՞ Ամուլսարը գնա, ֆինանսավորման այլ աղբյուր ման գա, կամ, օրինակ, դա պետք է տեղի ունենա առանց Հայաստանի մասնակցության», - ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարը։

  • Կիսվել: