Բրազիլում կկայանա նախագահի ընտրության երկրորդ փուլ
Բրազիլացի սենատոր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դաշնակից Ֆլավիու Բոլսոնարուն և գործող նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հոկտեմբերի 25-ին կմրցեն Բրազիլում նախագահի ընտրության երկրորդ փուլում։ Երկուսն էլ մեծամասնություն չեն ստացել առաջին փուլում, որը տեղի է ունեցել կիրակի։
Բոլսոնարուն ասել է, որ «շատ ուրախ է առաջին փուլում իր հաղթանակով և երկրորդ փուլ անցնելով»։ Մինչդեռ գործող նախագահ Լուլա դա Սիլվան հիասթափված է «անսպասելի» արդյունքից, գրում է Euronews-ը։
80-ամյա Լուլա դա Սիլվան առաջադրվում է չորրորդ ժամկետով, նա նախագահ է ընտրվել երեք անգամ՝ 2002, 2006 և 2022 թվականներին։
Քվեաթերթիկների 99.8%-ի հաշվարկից հետո տեղական ընտրական իշխանությունները հայտնել են, որ Բոլսոնարուն ստացել է 56 միլիոն ձայնից մի քիչ ավելի, մինչդեռ փորձառու քաղաքական գործիչ Լուլան՝ մոտավորապես 53,7 միլիոն։
Հաղթող թեկնածուն կղեկավարի Հարավային Ամերիկայի ամենամեծ տնտեսությունն ու 214 միլիոն բնակչություն ունեցող երկիրը։ Ըստ վերլուծաբանների՝ Բոլսոնարուի հաղթանակը կամրապնդի ԱՄՆ ազդեցությունը Բրազիլում, մինչդեռ Լուլան, հավանաբար, կշարունակի Վաշինգտոնից հեռանալու և Չինաստանի հետ կապերը խորացնելու կուրսը։



