ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
2021թ. տեսչական մարմինը ստուգում կիրականացնի գործունեություն չծավալող 5 մետաղական հանքարդյունաբերական ընկերությունում

2021թ. տեսչական մարմինը ստուգում կիրականացնի գործունեություն չծավալող 5 մետաղական հանքարդյունաբերական ընկերությունում

2021թ. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը նախատեսում է թվով 100 կազմակերպությունում ստուգում իրականացնել: Ըստ տեսչական մարմնի 2021թ. տարեկան գործունեության ծրագրի, նշված 100 ստուգումներից 5-ը կիրականացվի մետաղական հանքարդյունաբերական ընկերություններում: 

Ստուգում կանցկացվի «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ում,  «Պարամաունտ Գոլդ մայնինգ» ՓԲԸ-ում և «Ֆորչն Ռիզորսիս», «Բակտեկ Էկո» ու «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ներում:

«Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ին է պատկանում Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքի թիվ 8 և 5 հանքային մարմինների ընդերքօգտագործման իրավունքը: Հանքի շահագործման ժամկետը սահմանված է 2012-2031թթ.: Արդեն մի քանի տարի է, հանքը չի շահագործվում:      

«Բակտեկ Էկո» ՍՊԸ-ին է պատկանում  Արջուտի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը:  Հանքն ընկերությունը պետք է շահագործեր 2014-2040թթ.: Սակայն ընդհանրապես հանքը չի շահագործվել:

2020թ. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով դադարեցվել է «Պարամաունտ Գոլդ մայնինգ» ընկերության՝ Մեղրաձորի ոսկու հանքավայրի Լուսաջուրի տեղամաս ընդերքօգտագործման իրավունքը: Այս հանքի շահագործման ժամկետ էր նախատեսված 2012-2035թթ.: Սակայն հանքը տարիներ շարունակ չի շահագործվել:

2020թ.  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դադարեցրել է նաև «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի՝ Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը: Այս հանքի ընդերքօգտագործման տևողություն էր սահմանված 9,5 տարի՝ սկսած 2012թ-ից: Հանքը երբևէ չի շահագործվել:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մեկ այլ հրամանով էլ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման վերաբերյալ վարչական վարույթ է հարուցվել «Ֆորչըն ռիզորսիս» ՍՊԸ–ի նկատմամբ այն հիմնավորմամբ, որ ընկերությունը, 14.02.2012 թվականից ունենալով ՇԱԹՎ-29/169 ընդերքշահագործման թույլտվությունն, առ այսօր արդյունահանման աշխատանքներ չի իրականացրել։ Հանքի շահագործման տևողությունը նախատեսված էր  2012-2032թթ:

  • Կիսվել: