հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
2021-ի ընթացքում զոհված զինծառայողների 70-ից ավելի ընտանիքներում երեխաներ են ծնվել. Նիկոլ Փաշինյան

2021-ի ընթացքում զոհված զինծառայողների 70-ից ավելի ընտանիքներում երեխաներ են ծնվել. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառումը հաստատելու մասին նախագիծը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ հնարավորություն կտան, որ զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական բուժօգնության ծառայությունները դառնան ավելի նպաստավոր ու շահավետ:

«Գործող կարգավորումներով արդեն իսկ զոհված զինծառայողների ծնողներին տրամադրվում է որոշակի սահմանափակ հնարավորություն՝ օգտվելու անվճար կամ արտոնյալ վերարտադրողական բուժօգնության ծառայություններից, սակայն դրանք ամբողջապես չեն ծածկում ծախսերը, օրինակ, չեն ծածկում փոխնակ մոր ծառայությունների, դոնորական ծառայությունների ծախսերը», - ասաց նախարարը: 

Նա նշեց, թե վերջին վերլուծությունները ցույց են տալիս, որ այս պահին բազմաթիվ ծնողներ որոշում են կայացրել նոր զավակներ ունենալ, բայց, քանի որ ծառայությունները բավականին թանկ են, չեն կարողանում իրականացնել այդ որոշումը. հիմա ծախսերն ամբողջությանմ կիրականացվի պետության կողմից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե սա պարզ հարց չէ, որովհետև նման քննարկումներ տարբեր ժամանակներ ունեցել են:

«Հարցը բազմաթիվ նրբություններ ունի, այդ թվում, էթիկական նրբություններ, մենք այս որոշումներին մոտեցել ենք փուլ առ փուլ, նաև մեր զոհված զինծառայողների ծնողների հետ ամենատարբեր շփումների, քննարկումների արդյունքում որոշումը կայացրել ենք այն ժամանակ, երբ համոզվել ենք, որ իրենք են նախաձեռնողն ու իրենք են շահառու», - ասաց վարչապետը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, որ 2021 թվականի ընթացքում արդեն իսկ ունեցել են 27 հղիություն, 35 դիմող էլ սպասում է այս հատվածի ներառմանը:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, թե 2021 թվականի ընթացքում զոհված զինծառայողների 70-ից ավելի ընտանիքներում երեխաներ են ծնվել:

«Սա շատ խորհրդանշական, արժեքային ու գաղափարական նշանակություն ունեցող փաստ է, իմ խոնարհումը բոլոր այն ծնողներին, ովքեր նման որոշում են կայացրել», - նշեց վարչապետը:

  • Կիսվել: