երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
12.5 մլրդ եք տվել, ի՞նչ արդյունք է ստեղծվել Հայաստանի համար. Պապոյանը` Անդրեասյանին

12.5 մլրդ եք տվել, ի՞նչ արդյունք է ստեղծվել Հայաստանի համար. Պապոյանը` Անդրեասյանին

ԿԳՄՍՆ–ում կապիտալ ծախսերը կատարել են 67 տոկոսով, բայց ստացել են աշխատավարձ և պարգևատրում ամբողջ մասով։ Նախարարությունը պետք է լինի ամենակոշտ դիրքորոշում ունեցողը այդ հարցում։ «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը` դիմելով նախարար Ժաննա Անդրեասյանին։
Պատգամավորը նշեց, որ նախարարության հաշվետվությունում ներկայացված են միայն թվեր`առանց արդյունքների և ցուցանիշների։
 
«12.5 միլարդ դրամ փողը տրվել է 67 կազմակերպությունների, բայց ի՞նչ արդյունք է ստեղծվել ՀՀ–ի համար։ 1.1 միլիարդ դրամ տրամադրվել է հետազոտությունների համար, կամ գիտական և գիտատեխնիկական գործունեության, պայմանագրային թեմատիկ հետազոտությունների համար 5.8 միլիարդ դրամ է հատկացվել։ Դրանով Հայաստանի համար ի՞նչ է ստեղծվել, որպեսզի հաջորդ տարվա համար հասկանանք` այդ գումարը դարձնենք 0 դրա՞մ, թե՞ 58 միլիարդ դրամ։ Որովհետև, եթե այդքան գումարով 58 միլիարդի օգուտ է տվել, հաջորդ տարի պետք է գումարը բարձրացնենք։ Գրված է` հետազոտական խմբերի միջին թվաքանակ, հետազոտության մեջ ներգրավված կանանց թվաքանակ և այլն, ոչ մի արդյունքային ցուցանիշ, տակը` 5.8 միլիարդ դրամ փող։ Ի՞նչ եք ստացել այդ փողին»,–հարցրեց Պապոյանը։
 
Ի պատասխան Անդրեասյանը նշեց, որ սխեմա է մշակվում, որտեղ փորձ է արվելու ծրագրի կառավարման և արդյունքից ելնելով նաև մարդկանց խրախուսման և մոտիվացիոն համակարգի ներդնել և այդ իմաստով հանրային կառավարման բարեփոխումների ոլորտում շատ անելիքներ կան։
Բայց առաջին հերթին նախարարն ընդգծում է, որ պետք է մոտեցում փոխվի գիտական ոլորում աշխատող մարդկանց նկատմամբ պահանջների, քանի որ գիտական ծրագրերը մեկ տարվա ծրագրեր չեն և արդյունքը մեկ տարվա ընթացքում չի կարող լինել. պետք է սպասել ավարտին` արդյունք ստանալու համար։
 
«Ինչ արդյունք է տվել։ Առաջին հերթին` սերնդափոխությունը։ Մենք ունենք գիտության ոլորտում այնպիսի ասպարեզներ, որտեղ միջին տարիքը մեր գիտաշխատողների շատ բարձր է։ Եվ այստեղ ունենք սերնդափոխության շուրջ խնդիր, եթե ուզում ենք այդ ոլորտի գիտական գործունեության շարունակականություն ապահովել։ Մեր կողմից անցկացվող դրամաշնորհային մրցույթների մասնակիցների 70 տոկոսից ավելին երիտասարդ գիտնականներ են։ Սրանով մենք խրախուսում ենք, որպեսզի գիտական գործունեությամբ զբաղվելը լինի գրավիչ»,–ասաց Անդրեասյանը։

  • Կիսվել: