երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սպառազինության որևէ միջոց մեկ մյուսի փոխարեն չի ներկրվել. դրանք բերվել են որպես լրացում. Տոնոյան

Սպառազինության որևէ միջոց մեկ մյուսի փոխարեն չի ներկրվել. դրանք բերվել են որպես լրացում. Տոնոյան

Սպառազինության որևէ միջոց մեկ ուրիշի փոխարեն չի ներկրվել, մեկը մյուսով չի փոխարինվել, դրանք բերվել են որպես լրացում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր պաշտոնավարման ընթացքում ինչու են փոփոխվել հաստատված սպառազինության եւ ռազմական տեխնիկայի (ՍՌՏ) առաջնահերթությունները, ինչու ձեռք չեն բերվել տեղական և արտասահմանյան արտադրության ԱԹՍ–ներ, ինչպես նաև «Կրասնուխա» և այլ ժամանակակից միջոցներ։

«ՍՌՏ ծրագիրը ձեւավորվում է Հայաստանի ԶՈՒ կիրառման պլանի ապահովումն իրականացնելու համար: Բնական է, որ դա ձեւավորվում ԶՈՒ պահանջարկի հիման վրա, որը պաշտպանության նախարարը ներկայացնում է կառավարությանը կամ Անվտանգության խորհրդին եւ հաստատվում է ԱԽ-ում: Մենք կատարել ենք այն փոփոխությունները, ճշգրտումները, որոնք երկրորդ անհրաժեշտության, կամ առաջին անհրաժեշտության են՝ հաշվի առնելով ֆինանսական միջոցների առկայությունը կամ բացակայությունը, հաշվի առնելով իրավիճակը: Այդ բոլոր ճշգրտումները հաշվարկված եւ փաստարկված են:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու են գնվել այս կամ այն միջոցը, ես ցավ եմ ապրում, որ այստեղ նշված են այնպիսի միջոցներ, բացի «Կրասուխայից», որոնք արդեն իսկ ռազմական գործողություններից երեւի 1-2 տարի առաջ, իմ պաշտոնավարման ժամանակ ներկրվել են Հայաստան: Նոր ձեռքբերումներ մինչեւ 2020 թվականը  նախատեսված չեն եղել»,-ասաց Տոնոյանը:

«Օրինակ` ՀՕՊ միջոցները, որոնք մատակարարվել են Հայաստան, պայմանագրային քանակից ավել են եղել: Եվ դա իմ տեղակալի հմտությունների, իր ֆինանսական, բյուջետային գիտելիքների և բանակցային հմտությունների շնորհիվ է։ 20 տոկոսով ավել է եղել։ Խոսքը Մակար Ղամբարյանի մասին է»,– նշեց Տոնոյանը։

Նա շեշտեց` «Տոր» զենիթահրթիռային համալիրների քանակը ձեռք է բերվել տվյալ ժամանակահատվածում պլանավորվածից ավելի շատ։

  • Կիսվել: