շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շատ դիրքեր հետ ենք բերել. Անդրանիկ Քոչարյան

Շատ դիրքեր հետ ենք բերել. Անդրանիկ Քոչարյան

Օրվա վերջում հակառակորդը կորցրել է մինչ այդ ստացած առավելությունները, շատ դիրքեր հետ ենք բերել: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանեթերում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Հայաստանի արեւելյան առաջնագծում ադրբեջանական հարձակման հետեւանքով  լարված իրավիճակին:

Քոչարյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է, չնայած մի քանի ժամ առաջ հեռու էինք այս վիճակից: Մինչեւ հարցազրույցի գալը խոսեցի բանակային 2-րդ կորպուսի հրամանատարի հետ, նա հաստատեց վիճակի կայունության փաստը, հիմա լայնամասշտաբ գործողություններ չեն ընթանում. Իշխանասարի հատվածում դեռ լարվածության օջախ կա, բայց, կարծում եմ, մինչեւ հաղորդման ավարտը դա էլ չի լինի:

Եթե նախորդ օրը հակառակորդի կողմից ցինիկ կեցվածք տեսանք մեր դիրքերի ուղղությամբ, ապա այսօր նրան նման կեցվածքով որեւէ առավելության հասնել չհաջողվեց, ավելին, եթե օրվա ընթացքում հաջողվել էր որոշակի առավելությունների հասնել, ապա օրվա վերջին այդ առավելությունները կորցրեց, մենք շատ դիրքեր ենք հետ բերել՛՛:

Խոսելով մարդկային կորուստների մասին՝ Քոչարյանն ասաց, որ կորուսներ թե՛ մենք ենք ունեցել, թե՛ ադրբեջանցիները, նաեւ՝ զրահատեխնիկայի բավական շոշափելի կորուստներ ենք նրանց պատճառել, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ հակառակորդը նաեւ շոշափելի մարդկային կորուստներ է ունեցել:

՛՛Մեր զինված ուժերը մտան մարտական գործողությունների մեջ եւ այս պահի դրությամբ պարտադրեց հրադադար՛՛,-ասաց Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ արևելյան սահմանագոտում ադրբեջանական ագրեսիվ գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմն այս պահի դրությամբ ունի 15 զոհ, 12 գերի, վիրավորներ, կորցրած դիրքեր:

  • Կիսվել: