հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Մեկնարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը

Մեկնարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հունիսի 17-ին «Զառ» ուսումնական կենտրոնում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը, հայտնում են ՊՆ-ից:
 
Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը։
 
Հնչել են ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի և Հունաստանի պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։
 
Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի, Ֆրանսիայի, Հունաստանի զինված ուժերի զինծառայողները:
 
Զորավարժության հիմնական նպատակներն են՝
 
խաղաղապահ գործողությունների շրջանակում միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակի բարձրացում,
 
կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակման իրականացում,
 
ՀՀ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածության ամրապնդում:

  • Կիսվել: