չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը մասնակցել է ԱՊՀ Մարդու իրավունքների հանձնաժողովի երկրորդ նիստին

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը մասնակցել է ԱՊՀ Մարդու իրավունքների հանձնաժողովի երկրորդ նիստին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը հունիսի 27-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության Մարդու իրավունքների հանձնաժողովի երկրորդ նիստին:
 
Նիստը նախագահել է ԱՊՀ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ, ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մասկալկովան:
 
Մասնակցել են հանձնաժողովի անդամներ Բելառուսից, Հայաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից, հանձնաժողովի քարտուղարության և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հարցերով տարածաշրջանային հանձնակատարները։
 
Հանձնաժողովի անդամները քննարկել են նիստի օրակարգում ընդգրկված 10-ից ավելի հարցեր։
 
Ոլորտի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից առանձնացվել է օտարերկրյա քաղաքացիների իրավունքների հարգման ապահովումը: Նիստի շրջանակներում մասնակիցներին առաջարկվել է իրականացնել Միգրացիոն օրենսդրության վերլուծություն և ներկայացնել դրա կատարելագործմանն ուղղված առաջարկներ: Նիստի մասնակիցները կիսվել են միգրանտների իրավունքների իրավական կարգավորման ոլորտում իրենց երկրների դրական փորձով:
 
Նիստում որոշում է ընդունվել աշխատանքային չորս խումբ ստեղծելու մասին, հաստատվել է դրանց աշխատանքի միասնական կարգը։
 
Հանձնաժողովի անդամները քննարկել են ԱՊՀ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի գործունեության տարեկան զեկույցի պատրաստմանն ու  Անկախ Պետությունների Համագործակցության Մարդու իրավունքների հանձնաժողովի 2024-2025 թվականների աշխատանքային պլանի կատարմանն առնչվող հարցեր:
 
ԱՊՀ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 9-ին Մոսկվայում։ 

  • Կիսվել: