Ինչու՞ է ՊՆ բյուջեն կրճատվել. պարզաբանում է փոխնախարարը
Մի բան կարող եմ ձեզ վստահեցնել, որ ոլորտի հետ կապված բոլոր բարեփոխումներն իրենց ընթացքը շարունակելու են։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՊՆ–ի բյուջեն 2026–ի համար ինչ հիմնավորմամբ է կրճատվել։
«Պաշտպանական բյուջեի, ձեր ձեւակերպմամբ, կրճատման վերաբերյալ վարչապետը ԱԺ–ում ի պատասխան պատգամավորի հարցին, հանգամանորեն ներկայացրել է։
Ամենից կարևորը, որ որևէ մեկնարկած բարեփոխում իր մեկնարկը չի կանգնեցնելու և դա ընթացս իր տրամաբանական ավարտին հասնելու է»։
Հարցին՝ արդյոք միջոցների կրճատումը չի ազդելու ռազմական գնումների ծավալների վրա, փոխնախարարն ասաց. «
Նախ, ի պաշտոնե ես ֆինանսաբյուջետային այդ ոլորտային խնդիրներին չափից ավել ծանոթ չեմ և ես չեմ ցանկանում ոչ մասնագիտական հիմնավորումներ ներկայացնել, որոնք հետո կարող են քննարկման առիթ դառնալ։ Ես միայն կարող եմ պնդել, որ մեկնարկած որևէ դրական բարեփոխում չի դադարեցնելու իր ընթացքը»։
Նա այդպես էլ չպատասխանեց հարցին, թե ինչու է կրճատվում պաշտպանական բյուջեն եւ ո՞ր ծրագրերն են տուժելու դրանից։


