չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Հրապարակված թիվը ցույց չի տալիս անհայտ կորածների թիվը. Վարուժան Ավետիքյանը՝ Սերժ Սարգսյանի՝ անհայտ կորածների թվի վերաբերյալ հայտարարության մասին

Հրապարակված թիվը ցույց չի տալիս անհայտ կորածների թիվը. Վարուժան Ավետիքյանը՝ Սերժ Սարգսյանի՝ անհայտ կորածների թվի վերաբերյալ հայտարարության մասին

Երեկ 3-րդ Նախագահը հրապարակեց նամակս ուղղված Փոխվարչապետին և Սոց.ապ. նախարարին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նախկին տնօրեն Վարուժան Ավետիքյանը:
 
՛՛Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը պատերազմից հետո մեկնարկեց անհայտ բացակայող ու ծանր վիրավորում ունեցող զինծառայողների ժամանակավոր «Կամուրջ» ֆինանսավորման ծրագիրը` Կառավարության տրամադրած 1 միլիարդ դրամի հիման վրա:
 
Նախագահի կողմից հրապարակված նամակը տրամադրված գումարների ծախսման վերաբերյալ հաշվետվություն էր: Որոշ օգտատերեր և սոց. ալիքներ նամակը մեկնաբանեցին որպես գաղտնի: Դա այդպես չէ, քանզի հաշվի առնելով գործունեության հրապարակայնության ու թափանցիկության սկզբունքները, հիմնադրամը մշտապես իր սոց. մեդիայի էջերում ու պաշտոնական կայքում հրապարակել է «Կամուրջ» ֆինանսավորման շրջանակներում դեպքերի քանակը, գումարները, նույնիսկ զինծառայողների անունները: Այսօր էլ այդ տեղեկատվությունը բաց է համընդհանուր ծանոթացման համար` Հիմնադրամի պաշտոնական կայքում: Այստեղ տեղադրում եմ նաև պաշտոնական թարմացումների սքրինշոթերը: Իսկ սա կայքի հղումն է https://www.1000plus.am/hy/%D5%AF%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82%D6%80%D5%BB
 
Գալով 1064 թվին: Հրապարակված թիվը ցույց չի տալիս անհայտ կորածների թիվը: Այլ, այն ցույց է տալիս թե Հիմնադրամը «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրի ներքո քանի ընտանիքների է ֆինանսապես աջակցել, որոնց զինծառայողները ինչ որ պահի համարվել են անհայտ կորածներ կամ նրանց գտնվելու վայրի վերաբերյալ ստույգ տեղեկություններ առկա չեն եղել: Ինչպես ես նշել եմ իմ մի շարք հարցազրույցներում, այդ թիվը ամեն շաբաթ նվազել ու նվազում է, քանզի բազմաթիվ հերոսների մասունքներ նույնականացվել ու հուղարկավորվել են, իսկ որոշ զինծառայողներ բարեբախտաբար նույնիսկ հայտաբերվել են: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը մշտապես հանրության տեղեկացրել է իր կատարած հատուցումների մասին ու եղել է, կա ու կմնա թափանցիկ ու հաշվետու՛՛,-նշել է նա:
 

Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ավելի վաղ հայտնել էր, որ Զինվորների ապահովագրության հիմնադրամը ապրիլին Կառավարությանը զեկուցել է, որ անհայտ կորածների թիվը 1064 է:

 

 
 

  • Կիսվել: