հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հոգատար է զինվորների նկատմամբ, դատարկ ձեռքով երբեք զորամաս չի մտնում. Զինվորները՝ «Եղնիկների» արծիվ Կարեն Ջալավյանի մասին (տեսանյութ)

Հոգատար է զինվորների նկատմամբ, դատարկ ձեռքով երբեք զորամաս չի մտնում. Զինվորները՝ «Եղնիկների» արծիվ Կարեն Ջալավյանի մասին (տեսանյութ)

Պատերազմի ու խաղաղության հերոս Կարեն Ջալավյանը, կամ ինչպես իրեն ասում են՝ «Քյոխը», Արցախի ազգային հերոսի կոչում ստացավ հենց մարտերի ընթացքում: 20 տարի առանց արձակուրդի, զինվորի հոգսով ու զինվորի կողքին. կյանքը բանակին նվիրած հրամանատարը հերոս է ամեն օր, գրում է tert.am-ը:

Քչախոս ու համեստ հրամանատարի խստության մասին բոլորը գիտեն: Բայց նրա բարությունից ու սրտացավությունից ավելի շատ են խոսում:

«Տպավորություն էր, որ կարծես երկրորդ հայրդ լինի, որը պիտի երկու տարի խնամի քեզ», - ասում է նախկին զինծառայող Արտյոմ Տանանյանը:

Զինվորները զորացրվելուց հետո էլ հիշում են հրամանատարի հետ առաջին հանդիպումն ու նրա բոլոր արտահայտությունները: Հրամանատարի բոլոր խորհուրդները մտապահում են՝ մեկ մարդու նման:

«Հիշում եմ, երբ դեռ նորակոչիկ էի, առաջին անգամ հանդիպեցինք հրամանատարի հետ, ասաց միշտ հիշեք՝ հավատով կարող եք հաղթել թշնամուն». – ասում է նախկին զինծառայող Տիգրան Հովհաննիսյանը:

Բանակի ու հայրենիքի մեծ նվիրյալը հոգատար է յուրաքանչյուր զինվորի նկատմամբ: Զինվորները հիշում են, որ դատարկ ձեռքով երբեք զորամաս չէր մտնում: Ասում են՝ միշտ գալիս էր քաղցրավենիքի տոպրակներով:

«Երբ մտնում էինք հրամանատարի սենյակ ու սեղանին շոկոլադ էր լինում, ասում էր՝ շոկոլադ վերցրու: Դե դու ուղղակի զինվոր ես, պարզ է՝ ամաչելով ասում ես՝ չէ, պարոն գնդապետ, շնորհակալ եմ, չեմ ուզում, խիստ տոնով նորից էր կրկնում՝ շոկոլադ վերցրու: Դե արդեն պիտի վերցնեիր», - ասում է Արտյոմ Տանանյանը:

Դիրքերում էլ ուրց տեսնելիս քաղում է, ու զինվորներին հիշեցնում թեյի օգտակարության մասին:
«Իր ձեռքով ուրց էր հավաքում դիրքերում ու ասում, որ եթե ոչինչ չկա, սրանով կարելի է թեյ պատրաստել», - հիշում է Տիգրան Հովհաննիսյանը:

Ջալավյանի նախկին զինվորները պատմում են, որ հրամանատարը տուն է գնում միայն կիրակի օրերին: Եթե այդ ընթացքում հեռախոսին զորամասից զանգ է գալիս, կայծակի պես հասնում է զորամաս: Հրամանատարի սենյակի լույսը վառվում է գրեթե ամբողջ գիշեր: Նույնիսկ իր երեխայի ծնվելու լուրը նրան տուն չի ուղարկել:

«Բոլորն ասում էին, որ գնդապետի երեխան ծնվել է, բայց նա մեզ հետ էր, տուն չէր գնում: Ու ես զարմանում էի, որ հայ տղամարդը կարող է իմանալ, որ երեխան ծնվել է ու չգնալ: Հրամանատարը սպասեց, ինչպես միշտ, կիրակի օրվան, հետո գնաց երեխային տեսնելու», - պատմում է Արտյոմ Տանանյանը:

Կարեն Ջալավյանը 18 տարեկանից բանակում է, 90-ականների պատերազմից էլ սահմանին է: 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մոր համահավաք ստորաբաժանումը Ջալավյանի հրամանատարությամբ Թալիշի ուղղությամբ 10 դիրք է ազատագրվել:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: