Հայաստանը չի նախատեսում 2026-ին ավելացնել ռազմական բյուջեն. Փաշինյան
Հայաստանը մտադիր չէ 2026 թվականին ավելացնել ռազմական բյուջեն: Այս մասին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այդ թեմայով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հայտարարությանը:
Ավելի վաղ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Վաշինգտոնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման ֆոնին երկրի իշխանությունները ծրագրում են 2026 թվականի բյուջեում նվազեցնել պաշտպանական ծախսերի մասնաբաժինը 2025 թվականի համեմատ:
«Հնարավոր է, որ 2026 թվականի բյուջեում ծախսերի Էական աճ կամ պաշտպանական ծախսերի աճ ընդհանրապես չլինի։ Կարծում եմ՝ տրամաբանական է, համենայնդեպս մեր գնահատականն այս պահին սա է», – ասաց Փաշինյանը։
Միաժամանակ, նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները կշարունակեն օպերատիվ իրավիճակի վերլուծությունը սահմանին, և կառավարության արձագանքը համարժեք կլինի:


