հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայաստանում Սու-25-երի տեղադրումը զգալիորեն ավելի մատչելի կլինի, քան նոր տեխնիկա ձեռք բերելը․ գեներալը խոսել է Սու-25-ի նոր ֆունկցիայի մասին

Հայաստանում Սու-25-երի տեղադրումը զգալիորեն ավելի մատչելի կլինի, քան նոր տեխնիկա ձեռք բերելը․ գեներալը խոսել է Սու-25-ի նոր ֆունկցիայի մասին

Գեներալ-մայոր, ՌԴ վաստակավոր ռազմաօդաչու, տեխնիկական գիտությունների թեկնածու Վլադիմիր Պոպովն այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված Մոսկվա–Երևան առցանց տեսակամուրջի ժամանակ ասաց, որ նորագույն Սու-25-ը Հայաստանին թույլ կտա այնպիսի հարվածներ հասցնել օդից, որոնք համեմատելի են կառավարվող արկերի հետ, հայտնում է armeniasputnik.am-ը։

Պոպովի խոսքով` Սու-25-երը իրենց փոքր չափերի հաշվին ավելի լավ են կարողանում մանևրել ցամաքի մոտ, քան Սու–24-երը։

«Սրանք զուտ խոսքեր չեն. անձամբ եմ թռչել այդ ինքնաթիռներով և վերապատրաստել օդաչուներին», – նշեց գեներալը։

Ըստ նրա` այս ինքնաթիռների նոր սերունդը տարբերվում է նավիգացիայի և կրակի բարձր ճշգրտության համակարգերով։

Պոպովի խոսքով` GLONASS համակարգը, որով զինված է Սու-25-ը, թույլ է տալիս այնքան հստակ կատարել նշանառումը, որ Սիրիայի մարտական գործողությունների ժամանակ ամերիկացիները սկզբնական շրջանում կարծել են, թե ռուս զինվորականները միայն բարձր ճշգրտության զենք են կիրառում։ Նույնիսկ Մ-62 ֆուգասային ռումբերը (1962 թվականի) Սու-25-ները թիրախի վրա էին նետում 25-30 մետր շեղումով։ Նման ճշգրտությունը, ըստ գեներալի, միշտ եղել է խոցման կառավարվող միջոցների կամ ուղղորդվող ռումբերի առավելությունը։

«Կարծում եմ, որ Հայաստանի համար նախատեսված Սու-25-ի արդիականացումը հենց այսպիսի լուծումներ է ենթադրում։ Դրանց տեղադրումը զգալիորեն ավելի մատչելի կլինի, քան նոր տեխնիկա ձեռք բերելը», – նկատեց գեներալը։

«Арсенал Отечества» («Հայրենիքի զինանոց») ամսագրի ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովն էլ, խոսելով անօդաչուների նշանակության մասին, ասաց, որ վերջին շրջանում շատ է խոսվում, թե ԱԹՍ–ները հաղթում են ՀՕՊ համակարգերին, սակայն դա այդքան էլ այդպես չէ։ Հաճախ օրինակ են բերում Սաուդյան Արաբիայում գտնվող Aramco նավթաշտարակները` հիշեցնելով, որ ամերիկյան ՀՕՊ–երն անզոր են եղել անօդաչուների դեմ: Սակայն, փորձագետի կարծիքով, հարցն այստեղ ոչ թե ինքնաթիռի որակն է, այլ ՀՕՊ–ի որակն ու վիճակը. եթե այն ֆունկցիոնալ է, անօդաչուն չի կարող շրջանցել։



Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

  • Կիսվել: