կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանում ռազմագերիներ չկան․ ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանում հայտնված հայ սպային վերադարձնելու մասին

Հայաստանում ռազմագերիներ չկան․ ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանում հայտնված հայ սպային վերադարձնելու մասին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռևս չի այցելել Ադրբեջանում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանին, այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Կարմիր խաչին դեռևս չի հաջողվել այցելել Բաքվում հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։ Բայց այդ ուղղությամբ ԱԳՆ աշխատանքները շարունակվում են, ուղղակի այդ մասին չեմ կարող այս պահին բարձրաձայնել», -հավելեց Նաղդալյանը։

Ինչ վերաբերում է ռազմագերիներին բոլորը բոլորի դիմաց փոխանակելու մասին հարցին, ԱԳՆ խոսնակը ընդգծեց․

«Հայաստանում ռազմագերիներ չկան։ Ադրբեջանում մտացածին մեղադրանքներ են առաջադրվում այդ երկրի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որոնք դեռևս չպարզված հանգամանքներում հայտնվել են Ադրբեջանի իրավասության ներքո։ ՀՀ քաղաքացիները Ադրբեջանում որևէ հանցագործություն չեն իրականացրել, և նրանց նկատմամբ շինծու քրեական գոծերի հարուցումը պարզապես միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Ցանկանում եմ նշել, որ միայն այս տարվա ընթացքում Հայաստանի իրավասության ներքո են հայտնվել Ադրբեջանի երկու քաղաքացի և ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը իր տարածքում հայտնված Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ չի իրականացնում քրեական հետապնդում, չի դարձնում ռազմագերի, հարգում է նրանց արժանապատվությունը։ Բայց Ադրբեջանը փորձում է հետ վերցնել իր երկու մարդասպաններին, ովքեր իրենց պատիժը կրում են Արցախում՝ Արցախի անչափահաս քաղաքացի Սմբատ Սաքանյանի սպանության համար»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: