շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ցավով եմ ընդունում բանակի թերությունները․ որևիցե մեկը չի ուրախանում նրանով, որ 15 հոգի հրդեհի հետևանքով զոհվել է. Սեյրան Օհանյան

Ցավով եմ ընդունում բանակի թերությունները․ որևիցե մեկը չի ուրախանում նրանով, որ 15 հոգի հրդեհի հետևանքով զոհվել է. Սեյրան Օհանյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ՝ բանակում երբեք չի եղել նման դեպք, ինչը տեղի ունեցավ երեկ՝ Գեղարքունիքում։

«Ես շատ ցավով եմ ընդունում բոլոր այն թերությունները, որ տեղի են ունենում բանակում, ես չեմ ուրախանում դրանով, որևիցե մեկը չի ուրախանում նրանով, որ 15 հոգի հրդեհի հետևանքով զոհվել է», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Օհանյանի խոսքով՝ վերջին տարիներին բավականին լուրջ հարված է հասցվել բանակի կարգապահությանը։
 

«Երբ իջնում է կարգապահության մակարդակը, լինում են նաև արտակարգ պատահարներ», - նշեց նա։

Պաշտպանության նախկին նախարարն ընդգծեց՝ այս դեպքը պետք է ահազանգ լինի, որ մնացած կարևոր հատվածներում, կարևոր ուղղություններում ուսումնասիրեն, վերահսկեն իրավիճակը։

«Իմ հիշողության մեջ բանակում երբևէ նման դեպք չի տպավորվել։ ԶՈՒ-ն իր առօրյա գործունեությունը կազմակերպում է համազորային կանոնադրությունների համաձայն, որում գրված են այն պայմանները, որում զինվորը կարող է հայտնվել՝ լինի ժամանակակից զորանոց, ժամանակավոր կացարան, վրան կամ նույնիսկ բաց դաշտ։ Բոլոր այդ պայմաններում զինվորական ծառայության նկատմամբ պահանջները նույնն են։ Կարող է ժամանակավոր զորանոցը վերանորոգված չլինել, բայց պայմանները, հակահրդեհային  պատրաստությունը նույնն են բոլոր դեպքերում։ Ես կարծում եմ, որ այդ զորանոցում զինվորները այդ վիճակում հենց այնպես չէին հայտնվել, 2020թ-ի պատերազմից հետո էին հայտնվել այնտեղ։ Երկու տարին բավարար է եղել ոչ միայն այն կարգի բերելու, այլև նորերը կառուցելու համար։ Նախկինում, երբ Պաշտպանության նախարար էի, այդպիսի բազմաթիվ շենք-շինություններ եմ կառուցել»,- ասաց Օհանյանը։

Նա նշեց, որ բանակում վերջին տարիներին փոխվել է տարվող քաղաքականությունը, իջեցվել է Զինված ուժերում կարգապահության մակարդակը։

Խոսելով հրդեհին հաջորդած պաշտոնանկությունների մասին՝ Սեյրան Օհանյանը ասաց․

«Դեպքը այնպիսին էր, որ ղեկավար կազմը միանգամից պետք է լիներ այնտեղ, 15 հոգի անփութության պատճառով զոհվել է։ Ծառայողական քննության արդյունքում պետք է որոշումներ կայացվեին, միանգամից հանել զորամիավորման հրամանատարությանը, գլխատել անձնակազմին, նման է, երբ պատերազմից առաջ միանգամից փոխում էին նախարար, ԳՇ պետ ու այդ արագ փոփոխությունները նաև հարված հասցրին բանակի  ղեկավարման համակարգին»։

  • Կիսվել: