ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բանակում մահվան ցանկացած դեպք արձանագրվում է որպես թերություն. Գաբրիել Բալայան

Բանակում մահվան ցանկացած դեպք արձանագրվում է որպես թերություն. Գաբրիել Բալայան

«Պաշտոնանկությունն ընդամենը հետևություններից մեկն էր, շատ ավելի լուրջ աշխատանք է տարվում»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն՝ անդրադառնալով վերջին շրջանում խաղաղ պայմաններում զոհերին և դրանց հաջորդած պաշտոնանկություններին։

Նրա խոսքով՝ բանակում մահվան ցանկացած դեպք արձանագրվում է որպես թերություն, որի համար շատ աշխատելու տեղ ունեն։ «Մահվան դեպքերը բանակում ներելի չեն, բայց պետք է հաշվի առնել, որ մենք գործ ունենք կենդանի մարդկանց հետ: Եվ եթե պարզվի, որ որևէ արտահայտություն մենք ոչ ճիշտ ենք մեկնաբանել, հնարավոր է ճակատագրեր խեղվեն։ Պետք է հաշվի առնել, որ ցանկացած դեպքում կասկածյալի կարգավիճակից քաղաքացին կարող է հայտնվել զոհի կարգավիճակում»,- ասաց փոխնախարարը։

Գաբրիել Բալայանն անդրադարձավ այս տարվա ընթացքում խաղաղ պայմաններում բանակում գրանցված 13 զոհերին։ «Դուք ասում եք՝ 13 զոհ, ես չեմ գտնում, որ բոլորը զոհված են, որովհետև ի պաշտոնե ինձ հասած տվյալների՝ դրանցից մի քանիսը մահեր են, ոչ թե զոհեր են: Եկեք հստակ տարանջատենք, գոյություն ունեն համապատասխան իրավակարգավորումներ, ամեն մի մահվան դեպքով հետևությունները բազմաթիվ են: Դրանցից մեկը, ինչպես նշեցի, պաշտոնանկություններն են, այսինքն՝ նրանց ծառայությունը գնահատվել է անբավարար: Այսինքն՝  կանոնակարգային հարաբերություններին պետք է խիստ հետևել։ Եթե ասենք, որ այդ բոլոր իրավակարգավորումները չկան, դա սուտ կլինի: Այստեղ խնդիրն այդ իրավակիրառությունն ապահովելու մեջ է»:

Հարցին՝ պաշտոնանկ արված անձինք կապ ունե՞ն մահվան դեպքերի հետ, փոխնախարարն ասաց, որ դա քննությունը կպարզի՝ ուղիղ կապ ունեն, թե ոչ:

Դիտարկմանը, թե բանակում վեճերի պատճառ հաճախ դառնում են բջջային հեռախոսները, Գաբրիել Բալայանն ասաց, որ բանակում սմարթֆոնների մուտքն արգելված է, ընդհանրապես խստացրել են հեռախոսների նկատմամբ վերահսկողությունը:

«Վերջին օրերին նույն այդ սմարթֆոններից են հայտնաբերվել զինծառայողների մոտ և հանձնվել հարազատներին: Սակայն մեր հասարակությունը նույնպես պետք է գիտակցումով մոտենա, եթե գալիս են տեսակցության, հեռախոսը հանձնում ես հարազատին, հետո նորից հաջորդ իսկ րոպեին հայտնվում է զինծառայողի ձեռքին, ինչ-որ ճանապարհով փորձում է մտցնել զորամաս այդ նույն սմարթֆոնը, հետո տույժի է ենթարկվում, ծնողը դիմում է մեդիաներին ու զոհի կարգավիճակ է ստանում»,- նշեց փոխնախարարը։

Նա նաև հիշեցրեց Ամանորի նախաշեմին ԶԼՄ-ներում հայտնված լուսանկարները, ըստ որի, զորամասերից մեկում հրամանատարը պատուհանից դուրս է նետել զինվորին ուղարկված ծանրոցը. «Ամանորից առաջ մի քանի անգամ զինվորների ծնողների հետ խոսելիս խնդրել ենք՝ ծանրոցում ոգելից խմիչք չդնել, չի կարելի։ Դուք պատկերացնում եք՝ ինչ կարող է լինել, երբ տաքարյուն երիտասարդները ալկոհոլ օգտագործեն մի միջավայրում, որտեղ կա զենք, մարտական դիրքի մասին էլ չեմ խոսում։ Արդյունքում, զոհի կարգավիճակում են հայտնվում այն անձնինք, որոնք իրականում պետք է տույժի ենթարկվեն։ Զորամասի հրամանատարն էլ տույժի ենթարկվեց, քանի որ չէր կարողացել ձիգ պահել նյարդերը»։

Գաբրիել Բալայանը նա ասաց, որ վերջերս մեկ զինծառայողի մոտ 4 բջջային հեռախոս էր հայտնաբերվել։

Հարցին՝ հնարավոր է ընդհանրապես արգելել հեռախոսները, փոխնախարարն ասաց, որ եթե  արգելեն, հասարակությունը կսկսի մեղադրել, որ բանակում այնպիսի բաներ են կատարվում, որ փորձում են թաքցնել։

  • Կիսվել: