շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բանակն իր մարմնով զսպեց թշնամուն և փրկեց մեզ աղետից. Ժիրայր Սեֆիլյան

Բանակն իր մարմնով զսպեց թշնամուն և փրկեց մեզ աղետից. Ժիրայր Սեֆիլյան

«Շուշիի առանձնակի գումարտակի» նախկին հրամանատար, Սասնա ծռեր կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանի հավաստմամբ մեր բանակն  իր մարմնով զսպեց թշնամուն և փրկեց մեզ աղետից՝  փաստելով, որ հայկական բանակը կարող է հիմք և առանցք դառնալ իրապես ինքնիշխան և ազգային պետության։

Սեֆիլյանի գրառման մեջ ասվում է․

«Ցավով արձանագրում ենք, որ հաճախ բանակին են վերագրվում գրեթե բոլոր մեղքերը։

Պատերազմը և պարտությունը հետևանք էին պետական կառավարման ամբողջ համակարգի ապազգային և ապիկար գործունեության։
 
Բանակը, որքան էլ այդ համակարգի մաս է և հեռու չէ նրա արատներից, իր մարմնով զսպեց թշնամուն և փրկեց մեզ աղետից։
 
Զինվորներ, սպաներ և գեներալներ արիաբար կռվեցին ու նաև նահատակվեցին հանուն բոլորիս ազատության և արժանապատվության։
Մյուս պետական ինստիտուտների որակն ու ներդրումը նույնիսկ չի կարող համեմատելի լինել։
 
Ներկայումս պատերազմի սպառնալիքը շատ մեծ է և, թեպետ ծանր վիրավոր, դարձյալ բանակն է մնացել որպես պետականության պահպանման ու բոլորիս ֆիզիկական անվտանգության ապահովման երաշխիք։
 
Իմ զորակցությունն եմ հայտնում Հայկական բանակին, նրա զինվորին ու հրամանատարին։
 
Բոլոր սրտացավ և ողջամիտ հայրենակիցներիս խնդրում և հորդորում եմ աչքի առաջ ունենալ մեզ սպառնացող հավանական աղետը և ոչ մի պարագայում չթիրախավորել բանակին, այլ ամեն կերպով, այդ թվում՝ առողջ քննադատությամբ և առաջարկներով, աջակցել նրան։
 
Հայկական բանակն է, որ հիմք և առանցք կարող է դառնալ իրապես ինքնիշխան և ազգային պետության։
Պահպանե՛նք և հզորացնե՛նք Հայկական բանակը»։

  • Կիսվել: