շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բանակի զարգացումն ապահովում են գեներալներն ու սպաները, իսկ մեզ մոտ նախկին գեներալ ու սպա չի լինում. Սեյրան Օհանյան

Բանակի զարգացումն ապահովում են գեներալներն ու սպաները, իսկ մեզ մոտ նախկին գեներալ ու սպա չի լինում. Սեյրան Օհանյան

Հայաստանի զինված ուժերը «կառավարման բացառիկ ունակությունների, նախաձեռնությունների, համարձակության, զինվորների հերոսությունների և քաջագործությունների շնորհիվ կարողացան հետ շպրտել հակառակորդին», «Ազատության» հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Ի պատասխան հարցի՝ համաձա՞յն է արդյոք վարչապետին այն գնահատականին, որ Հայկական բանակն այժմ ամենաինտելեկտուալ, ամենաուժեղ և կազմակերպված բանակն է տարածաշրջանում, և կարելի՞ է ասել, որ հիմա բանակն ավելի կազմակերպված է, ավելի լավ վիճակում է, քան նախկին իշխանությունների օրոք, պաշտպանության նախարարը զերծ մնաց քաղաքական ղեկավարության արտահայտությունները, հայտարարությունները մեկնաբանելուց. - «Որովհետև մենք՝ զինվորականներս, մեր ընդհանուր լեքսիկոնում չունենք այդպիսի արտահայտություն, օրինակ՝ նախկին, որովհետև բանակը անընդհատ կատարելագործվող կառույց է, և բանակի զարգացումը ապահովում են բանակի գեներալներն ու սպաները, իսկ մեզ մոտ չի լինում նախկին գեներալ, նախկին սպա»:

«Դեռ ավելին, այս ժամանակահատվածում, երբ տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադրությունը բավականին բարդ է, և նաև Հայաստանի Հանրապետության շուրջը, մեզանից յուրաքանչյուրը, և նաև պահեստազորի գեներալներն ու սպաները շարքում կանգնած են», - ընդգծեց Օհանյանը՝ շարունակելով. - «Ինտելեկտը մեր բանակում երբևիցե չի բացակայել, իսկ բանակի անընդհատ զարգացում, կատարելագործումը խոսում է նրա մասին, որ մեր բանակը եղել է հզոր, եղել է ինտելեկտուալ և այսօր էլ հզոր է և ինտելեկտուալ է»:

«Եվ գիտե՞ք, մեր պատմության ընթացքում որևիցե մի ղեկավար՝ և՛ նախագահները, և՛ այսօրվա վարչապետը, եթե անվտանգությանը, եթե բանակին ուշադրություն չդարձնեին, ապա մեր բանակի թիկունքը, բանակի աջակցության մասը շատ թույլ կլիներ, և այսօրվա հզոր բանակը մենք չէինք ունենա: Մեր բանակը տարածաշրջանում իրոք հաղթանակած բանակ է: Հաղթանակը մենք նշում ենք Արցախյան ազատամարտից ի վեր, և նաև զարգացող բանակ է ու այսօր անընդհատ զարգանում ու կատարելագործվում է», - շեշտեց նախկին նախարարը:

Օհանյանը հայտարարեց, որ Տավուշում բախումների և 2016 թվականի ապրիլյան պատերազմի «նմանությունը միայն կայանում է նրանում, որ մեր ազգը համախմբվել է, և բանակը իր առջև դրված խնդիրը կարողացել է իրականացնել, և երկուսն էլ արդյունք են ադրբեջանական սադրանքի և նաև թուրք-ադրբեջանական դավադրության»:

Իսկ ընդհանուր առմամբ, ըստ նրա, «մասշտաբային առումով, օգտագործված ուժերի և միջոցների կիրառման և նաև Ադրբեջանի սադրանքի նպատակի առումով անհամեմատելի գործողություններ են». - «Այսօր մեկ դիրքում են եղել գործողությունները, ընդ որում՝ Հայաստանի տարածքում, իսկ արցախյան տարածքում 2016 թվականի ապրիլյան պատերազմն է եղել, և անհամեմատելի է ուժերի և միջոցների կիրառման, մանավանդ, ասենք, հրետանային ռմբակոծության առումով, ընդ որում, ասեմ, որ մի ամբողջ Արցախյան պատերազմի չափով հրետանային միջոցներ են կիրառվել Արցախի տարածքում, և նաև հենց Ապրիլյան պատերազմի ժամանակ գնդակոծվել են նաև Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերը»:

Անդրադառնալով Ապրիլյան պատերազմից առաջ և այժմ գործող նախազգուշական համակարգերին, Սեյրան Օհանյանը նշեց. «Ընդհանուր առմամբ, տեսադիտարկման սարքը, և՛ Հայաստանում, և՛ Արցախում, այդ սարքավորումները, միջոցները սկսել ենք օգտագործել դեռևս 2011-12 թվականներից, բայց դրանց կիրառումը, հարմարեցումը տեղանքում և լավագույն միջոցների ընտրությունը, կան երկրներ, որտեղից անհնարին է ձեռք բերել այդ ամենը, եղել է այնպես, որ անընդհատ փորձարկել ենք, փոխել ենք, դուր չեն եկել, նորից ենք գնումներ իրականացրել, նորից ենք փորձարկել: Եվ 2016 թվականին հիմնականում այն տեղերում, որտեղ գործողություններ են եղել, այդ տեղերում տեսադիտարկման սարքավորումները տեղադրված են եղել»:

  • Կիսվել: