հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ապրիլյան պատերազմից հետո որքա՞ն և ինչպիսի՞ նոր զինատեսակներ է ձեռք բերել Ադրբեջանն Իսրայելից. azatutyun.am

Ապրիլյան պատերազմից հետո որքա՞ն և ինչպիսի՞ նոր զինատեսակներ է ձեռք բերել Ադրբեջանն Իսրայելից. azatutyun.am

«Մենք մտահոգված ենք բռնության վերջին շրջափուլով: Հուսով ենք, որ կողմերն արագ կհասնեն հրադադարի հաստատմանը և կվերսկսեն բանակցությունները», - «Ազատության» հարցմանն այսպես արձագանքեց Իսրայելի արտաքին գործերի նախարարության փոխխոսնակ Դորիտ Հերսկովիչը:

Նախարարությունն անպատասխան էր թողել Elbit Systems-ի մասնագետների Բաքու մեկնելու, իսրայելական զինատեսակներով Հայաստանի Տավուշի մարզի խաղաղ բնակավայրերի և բնակիչների թիրախավորման փաստերը: Նման հարցում ուղարկվել էր նաև Իսրայելի պաշտպանության նախարարություն, որը «Ազատության» բոլոր դիմումներին 2017 թվականից ի վեր չի պատասխանել:

Ապրիլյան պատերազմից հետո որքա՞ն և ինչպիսի՞ նոր զինատեսակներ է ձեռք բերել Ադրբեջանն Իսրայելից, անշուշտ դժվար է հստակ ասել, բայց այս տարիների ընթացքում հրեական, ադրբեջանական ու ռուսական մամուլում հայտնված որոշ տեղեկություններ ի մի բերելով, կարելի է որոշակի պատկեր ստանալ: Հայկական կողմի բողոքի նոտայից ու Իսրայելում հայերի ցույցերից հետո արդյո՞ք կրկին միլիարդավոր դոլարների զենք է վաճառվել:

2017 թվականին Ադրբեջանի ու Իսրայելի ռազմական համագործակցությունը շարունակվեց, ու Harpy, Harop, ThunderB, Orbiter-ի մի քանի տեսակներ, Hermes 450 արդեն ձեռք բերված հարվածային ու հետախուզական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) բանակը համալրվեց Elbit Systems ամենամեծ ոչ պետական ձեռնարկության Skystriker և Hermes 900 ԱԹՍ-ներով:

Հայտնի են 2017-ին կնքված Skystriker հարվածային անօդաչու թռչող սարքի ձեռքբերման գործարքի հետ կապված որոշ մանրամասներ: Հրեական առաջատար Jerusalem Post-ի լրագրող Աննա Ահրոնհեյմը 2017 թվականի հունվարի 11-ի իր հոդվածում, վկայակոչելով Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտի տվյալները, տեղեկացնում է, որ Ադրբեջանն առաջին պետությունն է, որ ձեռք է բերել Skystriker հարվածային ԱԹՍ-ներ՝ 137 միլիոն դոլար ընդհանուր արժեքով: Այն 2019-ին արդեն ցուցադրվել էր, սակայն խոսքը քանի՞ գնված ԱԹՍ-ի մասին է, դժվար է ասել, քանի որ դեռ հայտնի չէ, թե ի՞նչ արժե այն, բայց, ըստ որոշ կանխատեսումների, խոսքը մոտ երեք տասնյակ սարքերի մասին է:

ACT պաշտպանության և անվտանգության խնդիրներով զբաղվող անկախ ռուսական գիտահետազոտական կազմակերպության բլոգում 2018 թվականի մայիսի 1-ին հրապարակված տվյալներով՝ Ադրբեջանը գնել է Իսրայելից 15 Hermes 900 ԱԹՍ, եթե հաշվի առնենք, որ ըստ հայկական պաշտոնական աղբյուրների, այն մոտ 30 միլիոն դոլար է, ապա ընդհանուր գործարքի թիվը կազմում է 450 մլն դոլար:

IAI (Israel Aerospace Industry) պետական ձեռնարկության Harop հարվածային ԱԹՍ-ը մոտ 4 միլիոն դոլար արժե, իսկ արդեն սնանկացած Aeronautics Defence System-ն, իր հերթին, առաջարկել էր Ադրբեջանին իրենից գնել 20 մլն դոլարի Orbiter 1K հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնք 4 անգամ էժան էին և կարող էին մինչև 2 կգ պայթուցիկ մարտագլխիկ ունենալ: Aeronautics Defence System-ն իրականացրել էր դրանց փորձարկումը մարտական պայմաններում` հայկական դիրքերի ուղղությամբ 2017 թվականի հուլիսին, որի արդյունքում Իսրայելը, գործադրելով իր ողջ դիվանագիտական հնարավորությունները, կարողացավ խուսափել միջազգային սկանդալից: Այն օրերին Իսրայելին պաշտոնապես իր բողոքի նոտան հայտնեց Հայաստանի Հանրապետությունը, սակայն գաղտնի պահելով դեսպանի այցն Իսրայել ու չբացահայտելով այն վստահեցումները, որոնք նա ստացել էր հրեական կողմից այս կազմակերպության նկատմամբ՝ հետաքննությունը մինչև վերջ անցկացնելու հետ կապված: Արդյունքում այն սնանկ ճանաչվեց, բայց Jerusalem Post-ի լրագրող Աննա Ահրոնհեյմը 2019 թվականի փետրվարի 17-ի իր հոդվածում նշում է, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը երկու տարի անց՝ 2019-ի հունվարին վերականգնել էր Aeronautics Defence System-ի միջազգային արտոնագիրն ու 13 միլիոն դոլարի թույլտվություն տվել նրան՝ Ադրբեջանին Orbiter 1K հարվածային անօդաչու սարքեր վաճառելու համար. խոսքն, ըստ մեր հաշվարկների, 25 ԱԹՍ-ի մասին է:

Արդյունքում՝ 137+ 450 +13 = 600 մլն դոլար, այսինքն՝ 2017-2019 թվականների ընթացքում Ադրբեջանն Իսրայելից 600 միլիոնի միայն ԱԹՍ-ներ է ձեռք բերել, նաև արագընթաց փոքր ռազմանավեր, որոնք ամբողջությամբ համալրված են իսրայելական տարբեր պետական և ոչ պետական ձեռնարկությունների ՀՕՊ և կրակային ու հրթիռային համակարգերով: Ընթացքում ձեռք բերվող ռազմամթերքի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Հավելենք, որ հրեա լրագրող և բլոգեր Ալեքսանդ Լապշինը, «Ազատությանը» հայտնելով իր կարծիքը, նշել էր, որ Իսրայելն ունի հսկայական ռազմական արդյունաբերություն, և այդ ճյուղը զարգացնելու համար երկիրը վաճառում է իր ռազմական արտադրանքը նաև Ադրբեջանին, որի իրավունքն ունի:

«Կան երկրներ, որոնց դեմ գործում են տնտեսական ու քաղաքական սանկցիաներ, որոնք որոշում է ՄԱԿ-ը, սակայն, ցավոք սրտի, Ադրբեջանն այդ երկրների ցուցակում չէ: Իսրայելն իրավունք ունի կոնվենցիոնալ զենք վաճառել Ադրբեջանին, որից էլ օգտվում է, սակայն այս երկիրն Իսրայելի համար միայն ԱԹՍ-ների շուկա չէ, այն նաև բազա է իրեն թշնամի Իրանին հետևելու համար», - կարծիք հայտնեց հրեա լրագրողը:

«Գաղտնիք չէ, որ հետախուզական նպատակով Ադրբեջանում տեղակայված են իսրայելցի մասնագետներ, որոնք մոնիթորինգ են անում Իրանում տեղի ունեցած իրադարձությունները՝ մի պետության, որն Իսրայելի թշնամին է», - հավելեց իսրայելցի բլոգերը:

«Յուրաքանչյուր ծառայություն իր գինն ունի, և դրա փոխարեն Իսրայելը հավանաբար պարտավորվում է Ադրբեջանին զենք վաճառել՝ ինչ-որ կերպ շրջանցելով Հայաստանի և որոշ պետությունների դժգոհությունը», - եզրահանգեց Ալեքսանդր Լապշինը:

Հուլիսի 21-ին Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքում բողոքի ցույց տեղի ունեցավ Ադրբեջանի ագրեսիայի ու Իսրայելի կողմից Ադրբեջանին ժամանակակից զենքի վաճառքի դեմ: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով «Նաիրի» միության կազմակերպած ցույցին մասնակցեցին հայ համայնքի երեք տասնյակ ներկայացուցիչներ: Երուսաղեմի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՄԸՄ-ի նախկին ատենապետ Սերոբ Սահակյանը:

«Չեմ կարծում, թե մեր ցույցերը մեծ օգտակարություն կունենան, այսինքն՝ պետք է ասել, որ մեր վերջին ցույցն էլ այն չէր, որքան մենք ակնկալում էինք, բայց իրականում իսրայելական կողմի լռությունն ինչ-որ բան ասում է: Պետք է ասել՝ Իսրայելն ընդհանրապես շատ հանդարտ, մեղմ, լուռ վերաբերվեց մեր այս վերջին տավուշյան ընդհարումներին, որը կարծես նշանակում է այն, որ Իսրայելը չի ուզում միջամտել Ադրբեջան-Հայաստան հարցերին», - նշեց Սահակյանը:

Հայկական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերի կողմից խոցված ԱԹՍ-ներն, ըստ ՀՄԸՄ-ի նախկին ատենապետի, ադրբեջանցի օպերատորներն էին կառավարում, ինչով պայմանավորված՝ շատ ավելի կորուստներ ունեցան:

«Հայկական բանակի հաջողություններն ինձ բերում են այն եզրակացության, որ իսրայելական տեխնոլոգիան այնտեղ էր, բայց Իսրայելն ինքը այդքան էլ ներկա չէր: Այն, որ մենք երեք օրվա ընթացքում իսրայելական Orbiter-ները կամ անօդաչու թռչող սարքերը իջեցրինք, բերում է այն եզրակացության, որ այնտեղ այդ Orbiter-ների գլխին կանգնողներն այսօր իրենք՝ ադրբեջանցիներն են, և հրեաները կամ Իսրայելը փորձում է հեռավորություն պահել», - ընդգծեց Սերոբ Սահակյանը:

  • Կիսվել: