հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Տնտեսավարողներ կան, որ կռիվ են տալիս օտար բառերով գրությունների համար. Լեզվի կոմիտեի արձանագրումները

Տնտեսավարողներ կան, որ կռիվ են տալիս օտար բառերով գրությունների համար. Լեզվի կոմիտեի արձանագրումները

 Հայաստանում ցուցանակների վրա շարունակում են գերիշխող լինել օտարալեզու բառերը: Լեզվի կոմիտեն, տարվա ընթացքում ուշադրության կենտրոնում պահելով «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովող հարցերը, արձանագրում է, որ խնդրահարույց է ծառայությունների ու սպասարկման ոլորտը, երբ արտաքին գրառումները, ցուցանակներն աչքի են ընկնում օտարալեզու բառերով:

«Մենք ակնկալում ենք, որ ցուցանակների արտաքին տեսքը պետք է նախ հայրենով լինի, հետո օտար լեզվով: Հայաստանում գրագրությունը պետք է լինի հայերեն: Հորդորով դիմում եմ մեր տնտեսավարողներին: Այո, զբոսաշրջիկներ շատ են գալիս Հայաստան, բայց չէ՞ որ մենք չենք ապրում նրանց համար: Սա մեր երկիրն է, և այստեղ հայերենը պետական լեզվի կարգավիճակ ունի: Ամենուրեք պետք է լինի նախ հայերենը, նոր հետո ռուսերեն կամ անգլերեն»,- ասուլիսում այս մասին նշեց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն՝ ամփոփելով 2021 թվականի կատարված աշխատանքները:
 
Լեզվի կոմիտեն «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով 2021 թ․ հարուցել է վարչական իրավախախտման վերաբերյալ 76 վարույթ, 72 հայցադիմում ներկայացրել ՀՀ վարչական դատարան։ Հայցերից 8-ը բավարարվել է,  19-ը՝ մերժվել, դատական կարգով 2 գործ կարճվել է. 43 գործ ՀՀ վարչական դատարանում քննության փուլում է, 11 գործով ներկայացվել է վերաքննիչ բողոք, 8 գործով ևս ներկայացվելու է։ Խախտումները հիմնականում արտաքին հարդարանքին են վերաբերում:
 
«Խախտումների թիվն ավելին կարող էր լինել, պարզապես յուրաքանչյուր գործ երկար ընթացք ու ժամանակ է պահանջում, իսկ մեր ռեսուրսները բավարար չեն: Դատարանները բավական ծանրաբեռնված են և, օրինակ, մի գործի վերաքննիչ բողոք լսելու ժամկետ է նշանակվել 2023 թվականին: Այնինչ, մեր հասարակությունն անհամբեր է: Հայերենի շահով ապրող ակտիվ հատվածը արդյունքի է սպասում, ցանկանում է, որ շտկվեն օտարալեզու գրառումները, սակայն մենք սպասում ենք դատարանի որոշմանը»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը:

Լեզվի կոմիտեի նախագահի համար տարակուսելի է այն, որ շատ տնտեսավարողներ աչալուրջ չեն լինում հորդորներին, ավելին՝ իրավաբանների միջոցով փորձում են պաշտպանել օտարալեզու բառերը:

«Լավ ինչո՞ւ պետք է սպասեք, որ Լեզվի կոմիտեի աշխատակիցները գան ու արձանագրեն: Շատերը սպասում են, հետո փաստաբան են վարձում, փող են ծախսում, միայն թե պաշտպանեն, որ իրենց ցուցանակը պետք է լինի միայն անգլերեն: Ես հասկանում եմ, որ անգլերեն պետք է լինի, բայց ինչո՞ւ պետք է հայերենը  չլինի: Փոխարենը դնում են արտառոց, ոչինչ չասող բառեր: Մենք դրանով զբոսաշրջիկներին չենք զարմացնում, մենք հետաքրքրիր ենք մեր տեսակով, մշակույթով, նիստուկացով»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը:

Կան նաև տնտեսավարողներ, որոնք հետևում են Լեզվի մասին օրենքի պահանջներին: Լինում է, որ պարզապես տեղեկացված չեն ու, իմանալուն պես, արագ շտկում են բացթողումը: Կան նաև տնտեսավարողներ, որ կռիվ են տալիս օտար բառերի համար:

 

  • Կիսվել: