երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Սասունցի Դավիթ» էպոսի առաջին հրատարակության 150-ամյակը նշվեց մրցույթով և ցուցահանդեսով

«Սասունցի Դավիթ» էպոսի առաջին հրատարակության 150-ամյակը նշվեց մրցույթով և ցուցահանդեսով

«Սասունցի Դավիթ» էպոսի առաջին հրատարակության 150-ամյակի առթիվ փետրվարի 15-ին Հայաստանի ազգային գրադարանում անցկացվեց «Էպոսի լավագույն ընթերցող» խորագրով խաղ-մրցույթը:

Մրցույթին մասնակցեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական հիմնադրամի (Պոլիտեխնիկի) ավագ դպրոցի աշակերտները՝ «Սասուն», «Առյուծ Մհեր», «Մարաթուկ» թիմերով: Հաղթեց «Մարաթուկ»-ը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հիմնադրամի ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, բանասիրական գիտությունների թեկնածու Շուշանիկ Կուրղինյանը հիշեցրեց՝ 1874-ին հայ հոգևորական, բանասեր-բանահավաք, ազգագրագետ Գարեգին Սրվանձտյանը տպագրել է «Գրոց ու բրոց» ավանդությունների ու զրույցների ժողովածուն, որի հավելվածում լույս է տեսել «Սասնա ծռեր» էպոսի իր հայտնաբերած ու գրառած առաջին պատումը՝ «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։

«Սա հրաշալի առիթ է անդրադառնալու մեր ազգային հարստությանը: Միջոցառումը նպատակ ունի մատաղ սերնդի շրջանում խրախուսելու էպոսի ընթերցումը, խթանելու դրա ճանաչումն ու բացառիկ դերի գիտակցումը: Մեր օրերում շատ կարևոր է աշակերտներին մեր արժեքներին ծանոթացնել, նրանց դաստիարակել հայեցի, համամարդկային գաղափարներով, իսկ էպոսը դրա լավագույն օրինակն է»,-շեշտեց Կուրղինյանը:

Նրա հավաստիացմամբ՝ կրթական համակարգում հիմնական անելիքն ուսուցիչների ուսերին է. աշակերտը խոպան դաշտ է, և ուսուցիչը պետք է կարողանա ճիշտ սերմեր ցանել, ճիշտ գաղափարներ փոխանցել, արժեհամակարգ ձևավորել, քանի որ հասարակությանը պիտանի քաղաքացիներ տալու առաքելությունն է վստահված դպրոցին:

«Ուսուցիչը պետք է պատրաստված լինի, ունենա բավարար գիտելիքեր՝ արդիական լույսով ներկայացնելու էպոսը, որ աշակերտը ցանկություն ունենա սովորելու, հասկանա, թե ինչու է հարկավոր ընթերցել էպոսը, որը մեր անցյալն է, ներկան ու մեր ապագան»,-ասաց Շուշանիկ Կուրղինյանն ու հավելեց՝ նախաձեռնությունը շարունակական է լինելու:

Մրցույթի ժյուրիի կազմում էր գրականագետ, էպոսագետ, բ.գ.թ., ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դասախոս Հայկ Համբարձումյանը, որի խոսքով՝ մինչ «Գրոց ու բրոց» ավանդությունների ու զրույցների ժողովածուի հրատարակումը էպոսը տարածված էր Արևմտյան Հայաստանում սասունցիների, մշեցիների, մոկացիների շրջանում, իսկ Գարեգին Սրվանձտյանը 1873-ին հայտնաբերեց այն, 1874-ին հրատարակեց, ինչի արդյունքում մեծ հետաքրքրություն առաջացավ էպոսի նկատմամբ, որը չի մարում մինչ օրս:

«Հայ ժողովուրդն այս էպոսի մեջ գտնում է իր էությունը, ինքնությունը, ձգտում է նմանվել էպոսի հերոսներին, հատկապես Սասունցի Դավթին, որը հերոսական ոգի ունի, ապավինում է իր նախնիների հզորությանը, սիրում է հայրենիքը, մեծ հարգանք է տածում միջավայրի հանդեպ: Մենք առաջին հերթին մեզ նույնացնում ենք Դավթի խիզախության, ծռության հետ, համարում ենք, որ ծռությունը խիզախության բարձրագույն դրսևորում է, բայց էպոսում նաև այլ հերոսներ կան, որոնք կարողանում են հզորացնել, շենացնել երկիրը»,-ընդգծեց Համբարձումյանն ու հավելեց, որ կարևոր է ազնվությունը սեփական երկրի, հայրենիքի, անցյալի հիշատակների նկատմամբ, ինչն էպոսի ուղերձներից է: Նա հիշեցրեց՝ Դավիթը սպանվում է այն ժամանակ, երբ տոհմիկ սրբությանը դավաճանում է՝ սխալ երդում տալով:

Գրականագետը կարծում է՝ հոբելյանական միջոցառումներն առիթ դարձնելով՝ առնչվում ենք մեր մեծ ու գաղափարական արժեքների հետ, որոնք սերմանում են հայրենասիրություն, առաքինություն, բարեպաշտություն, ստեղծում ու ներկայացնում են հայի լավագույն տեսակը:

Միջոցառմանը զուգահեռ Ազգային գրադարանի փոքր ցուցասրահում բացվեց հայկական ժողովրդական էպոսին նվիրված գրականության ցուցադրություն։

Գրադարանի հանրային կապերի բաժնի առաջատար գրադարանավար Նարինե Գիժլարյանը, ներկայացնելով ցուցանմուշները, ասաց. «Ցուցադրված է 1874 թվականին հրատարակված գիրքը, որից հետո սկսվում են «Սասնա ծռեր» էպոսի ուսումնասիրությունները: Բանահավաքները հավաքել են տարբեր մարդկանց պատմությունները՝ կապված էպոսի հետ և 1936 թվականին Մանուկ Աբեղյանի ձեռամբ կազմվել է առաջին հատորը, հետագայում ևս երկուսը, որոնք ևս ցուցադրված են: Հնարավոր է տեսնել նաև Հակոբ Կոջոյանի ձևավորմամբ, Սարգիս Հարությունյանի մշակմամբ էպոսը, ազգային գրադարանի կազմած մատենագիտությունը, ցուցադրված է նաև «Սասունցի Դավիթ» առաջին համահավաք բնագիրը, որի (1939) 85-ամյակն է նշվում: Այն կազմել են Մանուկ Աբեղյանը, Գևորգ Աբովը, Արամ Ղանալանյանը, խմբագրել է Հովսեփ Օրբելին, իսկ նկարազարդումների հեղինակը Մհեր Աբեղյանն է»:

Ցուցասրահում հնարավոր է տեսնել նաև «Սասնա ծռեր» էպոսի խորհրդային շրջանի հրատարակություններ, «Սասունցի Դավիթ» էպոսի գրական մշակումները, որոնք իրականացրել են Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյան, Թոթովենցը, Սիտալը և այլք, էպոսի թարգմանություններն ու հայտնի ձևավորումները:

  • Կիսվել: