կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մրցանակաբաշխություն, բարեգործական համերգ. Թատերական գործիչների միությունն՝ անելիքների մասին

Մրցանակաբաշխություն, բարեգործական համերգ. Թատերական գործիչների միությունն՝ անելիքների մասին

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը 2024 թվականի կարևորագույն ծրագրերից է համարում ավանդույթ դարձած «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության անցկացումն ու բարեգործական համերգը՝ միտված աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված թատերական գործիչներին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ղազանչյանն ասում է՝ երկու միջոցառումներն էլ կազմակերպվելու են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Մրցանակաբաշխությունն անցկացվելու է մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, իսկ համերգը՝ մարտի 28-ին:

«Մրցանակաբաշխության հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 15-ը, սակայն ժյուրիի անդամները երկու ներկայացում արդեն դիտել են: Նախորդ տարի 44 բեմադրություն ենք դիտել»,-ասում է Ղազանչյանը:

Բարեգործական համերգին մասնակցելու են հանրապետության բոլոր թատրոնները: Հույս ունեն՝ իրենց աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի թատերական գործիչները կկարողանան նոր բեմադրություն անել:

Բռնի տեղահանումից հետո միությունն իր հյուրընկալ հարկի տակ է ընդունել Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի ստեղծագործողներին, սակայն նրանց գործունեության համար որոշակի գումար է հարկավոր:

«Սկզբնական շրջանում մենք կտրամադրենք միության բեմը, որ կարողանան փորձերն անել, իսկ հետո կորոշվի, թե որ բեմահարթակն է հարմար ներկայացման համար»,-ընդգծում է Ղազանչյանն ու նշում՝ առհասարակ թատերական ոլորտում խնդիրները շատ են, որոնք շարունակում են մնալ նույնը:

Խոսելով մարզային թատրոնների մասին՝ Ղազանչյանն ասում է, որ այնտեղ կոմունիկացիայի, հանդիսատեսի քանակի խնդիր կա, բայց թատրոններից շատերը  բավականին արդյունավետ են աշխատում, ունեն լավ տնօրեններ:

«Կապանի թատրոնը, որի տնօրենը Տիգրան Աթայանն է, շատ ակտիվ է, Արտաշատի թատրոնը, որը ղեկավարում է Կամո Նաղդալյանը, բավականին հետաքրքիր է աշխատում: Մեծ թափով ու լուրջ աշխատում են Հրազդանի նորաբաց թատրոնը, որի տնօրենը Վահագն Մարգարյանն է, Աբովյանի թատրոնը, որն այս պահին դեռ կարգավիճակ չունի, բայց համայնքապետը խոստացել է վերանորոգումից հետո այդ հարցը լուծել, Գյումրիի և Վանաձորի թատրոնները բարձր մակարդակով են հանդես գալիս: Վանաձորի թատրոնը գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի կորստից հետո վերականգնվում է: Գիտեմ, որ հեշտ չի լինի նոր թափով շարունակել աշխատանքը, բայց անում են: Գյումրու թատրոնը ևս աչքի է ընկնում: Լավ օրինակներ ունենք»,-նշում է միության նախագահը:

Հակոբ Ղազանչյանը նաև Պարոնյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսորն է: Նա տեղեկացնում է՝ տարվա ընթացքում հետաքրքիր հյուրեր կունենան. մայիսի 17-ին թատրոնում հանդես կգա ռուսաստանյան բեմի ամենահայտնի ու ականավոր դեմքերից մեկը՝ ՌԴ և Չեխիայի ժողովրդական արտիստ Եվգենի Միրոնովը: Նա կներկայացնի Շեքսպիրի «Համլետ»-ը՝ մենախոսության տեսքով: Նախագիծը կիրականացվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությամբ:

Միրոնովը Մոսկվայում ներկայացումը խաղացել է Յուրի Բաշմետի, Սանկտ Պետերբուրգում՝ Վալերի Գերգիևի ղեկավարած նվագախմբերի հետ:

Փետրվարի 7-ին էլ թատրոնի փոքր բեմ կբարձրանա Ալեքսանդր Բլոկի «Բալագանչիկ» երաժշտական ներկայացումը: Այն Բլոկի երկրորդ գործն է, որին անդրադառնում են: Ավելի վաղ Հակոբ Ղազանչյանը բեմադրել էր հեղինակի «Արքան հրապարակում» ստեղծագործությունը:

  • Կիսվել: