շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ջավախքի փոքրիկ Ծիծեռնակաբերդը (տեսանյութ)

Ջավախքի փոքրիկ Ծիծեռնակաբերդը (տեսանյութ)

Բարալեթ գյուղի բարձունքում Հայոց եղեռնի նահատակներին նվիրված յուրահատուկ մի հուշարձան կա, որը կառուցողները կոչել են Փոքրիկ Ծիծեռնակաբերդ: Արդեն երեք տասնամյակ է այն ուխտատեղի է ջավախքցիների համար, գրում է jnews.ge-ն:

Baralet-xachqar

1988թ.-ի ապրիլի 24-ին, հուշարձանի կառուցումից չորս տարի անց, բարալեթցիները Պահակասարի (խմբ. Սաղարաուլո) լանջին հանդիսավորությամբ նշում են Փոքրիկ Ծիծեռնակաբերդ կոչվող հուշահամալիրի բացումը:

«Հավաք կազմակերպեցինք ոգեկոչելու Եղեռնի զոհերին, որի վերջում մեր գյուղի առաջադեմ մարդիկ որոշեցին ինչ-որ մի կոթող կառուցել, տարբեր առաջարկություններ եղան՝ տեղի, ձևի ու տեսքի վերաբերյալ: Հենց հավաքի երկրորդ օրն ընտրեցինք տեղը և անցանք հուշարձանի կառուցմանը: Այսօրվա նման հիշում եմ, որ հուշակոթողի վայրն ընտրեցինք մոտ 10-12 հոգանոց խմբով: Սկզբից Ծիծեռնակաբերդի պատկերը նկարեցինք ժայռաբեկորի վրա, այնուհետև Հայաստանում պատվիրեցինք Կոմիտասի խելագարման տեսարանը պատկերող ցուցատախտակը», – հիշում է Սեյրան Բաքարյանը:

Baralet-komitas

Բարալեթում նշում են, որ Պահակասարի հուշատեղին կառուցվել է Վաղինակ Բերուջանյանի և նրա գաղափարակից ընկերների նախաձեռնությամբ ու անմիջական մասնակցությամբ: Սկզբում մեծ ժայռաբեկորի վրա քանդակում են Ծիծեռնակաբերդի պատկերը, այնուհետև ամբողջ գյուղում գումար են հանգանակում և Հայաստանում պատվիրում Կոմիտասի խելագարման տեսարանը պատկերող հուշատախտակը

«Ինչու՞ հենց Ծիծեռնակաբերդ, որովհետև ուզում էինք Երևանի հուշարձանին նման լիներ: Գյուղի առաջադեմ ժողովուրդը գումար հանգանակեց և Չարենցավանում պատվիրեցինք հուշատախտակը: Քանդակի պատվիրման գործերը կատարեցին Վաղինակ Բերուջանյանը, Վալոդյա Մակարյանը, Սլավիկ Խեչոյանը, Ֆելիքս Մամուլյանը, Վալոդյա Մամուլյանը և այլոք: Ակտիվիստներով հողային ու ժայռերի տեղադրման մեծ աշխատանք կատարեցինք, շինաշխատանքներին ամբողջ գյուղը մասնակցեց»,- պատմում է Ջավախքում փոքրիկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցման նախաձեռնողներից Սեյրան Բաքարանը:

Վերջինս հիշում է, որ հուշարձանի բացմանը՝ 1988 թվականին, ամբողջ շրջանն է մասնակցել, այդ ժամանակվա շրջանային իշխանությունների գլխավորությամբ:

«Առաջին տարիները շատ ակտիվ էին, ես ոչ թե մեր շրջանից, այլև բոլոր տեղերից, դպրոցներով կազմակերպված ու համախմբված մարդիկ գալիս էին: Հուշարձանը գործում է, այն ակտիվ է, այն գործում է քանի դեռ այնտեղ մարդիկ ծաղիկներ են խոնարհում»,- ավելացնում է Սեյրան Բաքարյանը:

Արդեն երեք տասնամյակ է այս վայրը ջավախքցիների համար ուխտատեղի է դարձել: Ամեն տարի ապրիլի 24-ին, մարդկանց հոսքը դեպի փոքրիկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր չի դադարում: Այս տարի նույնիսկ կորոնավարակով պայմանավորված երկրում մտցված արտակարգ դրությունը խոչընդոտ չի հանդիսացել, որպեսզի մարդիկ բարձրանան հուշատեղի:

Baralet-hushrcan

Պահակասարի լանջին, բնական եղևնիների մեջ թաքնված Փոքրիկ ծիծեռնակաբերդի ճանապարհը բարդ է ու լի քարերով: Տասնամյակներ անց հուշարձանը կառուցողներն թաքուն մի երազանք ունեն՝ աստիճաններով ճանապարհ կառուցել դեպի հուշակոթող:

Բարալեթ գյուղի բնակիչների խոսքերով, 1988 թվականը ինչպես իրենց գյուղի, այնպես էլ ամբողջ Ջավախքի հայության համար պատմական է եղել: Ջավախքի այս գողտրիկ բնակավայրում Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող մի փոքրիկ Ծիծեռնակաբերդ է վեր խոյացել, որը երկրորդն էր աշխարհում` Երևանի Ծիծեռնակաբերդից հետո:

  • Կիսվել: