երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակներում Գյումրու թատրոնի բեմ կբարձրանա «Սպասում» ներկայացումը

Հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակներում Գյումրու թատրոնի բեմ կբարձրանա «Սպասում» ներկայացումը

Հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության  շրջանակներում նոյեմբերի 12-13-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հանդիսատեսի դատին կներկայացնի «Սպասում» ներկայացումը` ըստ ֆրանսիացի ժամանակակից  հայտնի դրամատուրգ Ժոել Պոմրայի «Երկու Կորեաների վերամիավորումը» պիեսի:

«Հետաքրքիր ստեղծագործական խումբ է ներգրավված, հայ-ֆրանսիական համագործակցություն է: Ամեն դրամատուրգ իր հետ բերում է նոր մոտեցում ու նոր ոճ. այս դեպքում առաջին պլանում բեմական խոսքն է, բեմավիճակների մինիմալիզմը: Քանի որ կամերային ներկայացում է, փորձել ենք դահլիճը մի փոքր «խտացնել»՝ հանդիսատեսը կնստի միայն պարտերում: Կարծում եմ՝ «Սպասում»-ն իր յուրահատուկ հանդիսատեսը կունենա»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը: Նա ընդգծեց, որ պիեսում տարբեր պատմություններ են, ներկայացված են համամարդկային արժեքներ:

Պիեսը բեմադրում է Սաթէ Խաչատրյանը, երաժշտական ձևավորումը նույնպես նան է պատկանում: Բեմադրիչը նկատում է՝ պիեսը ստանդարտ և դասական չէ ինչպես կառուցվածքով, այնպես էլ ասելիքով. 12 պատկերներ են, 12 տարբեր պատմություններ՝ միահյուսված միայնության, սիրո ներկայության և բացակայության ասելիքով:

«Պատկերների փոփոխությունը սցենոգրաֆիկ հետաքրքիր լուծումների շնորհիվ է: Մեզ այս  հարցում օգնում է ֆրանսիայում շատ հայտնի սցենոգրաֆ Բենժաման Լըբրըտոնը, ով սեպտեմբերին Հայաստանում էր ու ներկայացրեց դեկորի գծագրերը: Ի դեպ, որոշ դեկորներ պատվիրել ենք Ֆրանսիայից և Գերմանիայից: Թվում է՝ բեմի վրա  դեկոր չկա, բայց մեկ փոքրիկ սենյակում բազում պատմություններ են ներկայացվում: Անչափ ուրախ եմ Գյումրու թատրոնի հետ համագործակցելու համար: Այստեղ աշխատում են նույն պրոֆեսիոնալիզմով, ինչպես Ֆրանսիայում: Հավատացեք, արդյունքը գերազանցեց իմ սպասելիքները՝ այստեղ նա կարգուկանոն, անսահման սեր ու նվիրվածություն կա: Անշուշտ, հնարավորության դեպքում պետք է մտածել հետագա համագործակցության մասին»,- մանրամասնեց Սաթէ Խաչատրյանն՝ առանձնացնելով Գյումրու Դրամատիկական թատրոնի տեխնիկական անձնակազմի արհեստավարժ աշխատանքն և նվիրվածությունը:

Նրա խոսքով՝ ներկայացումը հիմնականում ֆինանսավորել են ֆրանսիական պետական կառույցները, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը:  

««Սաթե-աթղը» թատերական միությունը հիմնադրվել է 2013 թվականին Ֆրանսիայում,  Սաթէ Խաչատրյանի և ամուսնու համատեղ ջանքերով: Միության նպատակը ֆրանսիացի հայտնի դերասանների միջոցով Ֆրանսիայում հայկական մշակույթի տարածումն է, իսկ Հայաստանում մենք զբաղվում ենք ֆրանսիական ժամանակակից դրամատուրգիայի պրոպագանդմամբ: Այս ներկայացումը դրա տրամաբանական շարունակությունն է: Մինչ այս էլ ֆրանսիական պետական կառույցները մեզ աջակցում էին, բայց երբ իմացան, որ այս տարի ներկայացում եմ բեմադրելու ոչ թե մայրաքաղաքում, այլ Գյումրիում, իրենց ոգևորությունն էլ ավելի մեծացավ: Անշուշտ,  Գյումրիի թատրոնը ևս իր միջոցները ներդրել է, ֆինանսական աջակցություն է տրամադրել նաև Գյումրիի համայնքապետարանը»,- ընդգծեց բեմադրիչը՝ հավելելով, որ հնարավորության դեպքում ներկայացումը հյուրախաղեր կունենա նաև Ֆրանսիայում:

Բեմադրության մեջ օգտագործվում են հատվածներ ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր  Արման Ամարի ստեղծագործություններից: Բեմում լինելու են Գյումրիի դրամատիկական թատրոնի դերասանները՝ ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանը, Նառա Սանթոյանը, Արկադի Ղարագուլյանը, Արսեն Միքայելյանը, Ջեմմա Ադամյանը: Միայն մեկ դերասան՝ Տաթև Հովակիմյանը, հրավիրված է Երևանից: 

Բեմանկարչության հեղինակը Բենժաման Լըբրըտոնն է, զգեստներինը` Էդգար Մանուկյանը:

  • Կիսվել: