ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում ներկայացվեցին Նոր Բայազետի հարսանեկան ավանդույթները

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում ներկայացվեցին Նոր Բայազետի հարսանեկան ավանդույթները

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում՝ «Համընդգրկուն ժառանգություն» խորագրի ներքո, տեղի ունեցավ միջոցառում «Հարսանեկան ավանդույթները Նոր Բայազետում» թեմայով։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ թեմայի շուրջ զեկույցով հանդես եկավ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի գիտաշխատող Մանիկ Չարվադարյանը: Թեման բովանդակալից էր՝ ընդգրկելով արխիվային ցուցադրություն: Թանգարանի աշխատակիցները կարողացել էին բնակիչների արխիվներից գտնել եւ ցուցադրել դեռեւս 1940-ականների հրավիրատոմսեր, հարսանեկան լուսանկարներ, տարոսիկներ, բացիկներ: Ներկայացվող զեկույցը համեմվում էր թեմային բնորոշ երգերով ու խաղիկներով՝ ամեն ժամանակաշրջանին համապատասխան: Խոսք ու զրույցին զուգահեռ ցուցադրվում էին արխիվային տեսահոլովակներ՝ ներկայացնելով հարսանիքի նախապատրաստական աշխատանքներն ամենայն մանրամասնությամբ՝ խոսքկապը, , հարսի օժիտը, հարսնաշորի ընտրությունը, տարազները, տաշտադրեքը, տոնական քաղցրավենիքների պատրաստումը, տավարի մորթելու արարողությունը եւ այլն:

Ինչպես Կոմիտասն է ասել, «հայ գյուղացու հարսանիքը մի ամբողջ օպերա է»:

Թանգարանի գիտաշխատողների ջանքերով ներկաները ականատես եղան այդ «հարսանիք-օպերայից» ծաղկաքաղ արված կտորներին: Միջոցառման ժամանակ հիշվեցին նաեւ ավանդական հարսանեկան երգն ու երաժշտությունը, Նոր Բայազետի երաժիշտներին, առանց որոնց հարսանիք չէր լինում:

Միջոցառման ավարտին անսպասելի դհոլ-զուռնայով ներս մտան երաժիշտները՝ ամբողջացնելով հարսանեկան մթնոլորտը:

  • Կիսվել: