հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դադարեցնել Հայպետհրատի շենքի տարածքում «ՀՀ օրենսդրության կոպիտ ոտնահարմամբ իրականացվող աշխատանքը». հայտարարություն

Դադարեցնել Հայպետհրատի շենքի տարածքում «ՀՀ օրենսդրության կոպիտ ոտնահարմամբ իրականացվող աշխատանքը». հայտարարություն

Փրկենք տպարանի շենքը» նախաձեռնող խումբը փետրվարի 5-ին հայտարարություն է տարածել, որով մեկ անգամ եւս պահանջում է անմիջապես դադարեցնել Հայպետհրատի շենքի տարածքում «ՀՀ օրենսդրության կոպիտ ոտնահարմամբ իրականացվող աշխատանքն ու ամենասեղմ ժամկետներում սկսել մասնագիտական քննարկում՝ ապահովելով հանրային եւ մասնագիտական երկխոսության պատշաճ պայմաններ»։ Շենքում աշխատանքների դադարեցման պահանջն անտեսելու պարագայում, նախաձեռնող խումբը զգուշացնում է, որ ստիպված կլինի դիմել «պայքարի այլ միջոցների եւ մեթոդների»:

Նախաձեռնող խմբի այս նախազգուշացմանը նախորդել են հունվար ամսվա ընթացքում տարբեր ձեւաչափերով հանդիպումները Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչների եւ «Իմ քայլը» խմբակցությունից ԱԺ պատգամավորների հետ, եւ «նախարարությունն ու Կոմիտեն հավաստիացրել են, որ շենքի տարածքում իրականացվելու են միայն ներքին քանդման եւ շինարարական աղբի հեռացման աշխատանքներ», իսկ «գործադիրի ներկայացուցիչները խոստացել են նաեւ, որ նոր ճարտարապետական նախագծի մրցույթ կհայտարարվի, եւ հետագա բոլոր գործողություններում հաշվի կառնվեն շենքի ամբողջական տեսքի պահպանման եւ կարգավիճակի հարցերը, բոլոր աշխատանքների ընթացքում կապահովվեն հանրային իրազեկման ընթացակարգերը»:

Սակայն միաժամանակ ակնհայտ է դարձել, որ բանակցություններին զուգընթաց դեկտեմբեր-հունվար ամիսներին արդեն «քանդվել է շենքի տանիքը երիզող քիվապատը (պարապետը), որն արտաքին ճարտարապետության կարեւոր տարր է, այս պահին ընթանում են շինարարական աշխատանքներ հենց այն նույն նախագծով, որի խնդրահարույց լինելու մասին բարձրաձայնել են թե՛ գործադիրի եւ օրենսդիրի ներկայացուցիչները, եւ թե՛ նախաձեռնող խմբի անդամները (տե՛ս լուսանկարները)։ Քննարկումներ չկան նոր ճարտարապետական լուծումների մրցույթի անցկացման վերաբերյալ, ինչպես նաեւ առայսօր տեղի չի ունեցել հանրային իրազեկման որեւէ միջոցառում»։

Գնահատելով ՀՀ ԿԳՍՄ նախարարության՝ երկխոսության պատրաստակամությունը, «Փրկենք տպարանի շենքը» նախաձեռնող խումբն այնուամենայնիվ արձանագրում է՝

«- հետհեղափոխական Հայաստանում օրենքի խախտմամբ տեղի է ունենում հանրապետական նշանակության հուշարձանի մասնակի քանդում՝ հակառակ նախկինում արված հայտարարությունների,

- ցավոք, քաղաքային պլանավորման ու ժառանգության պահպանության ոլորտներում շարունակում է գերիշխել նախկին իշխանություններին հատուկ անտարբեր գործելաոճը,

- հանրային եւ մասնագիտական դաշտի հետ տարվող երկխոսությունը թողնում է իմիտացիայի տպավորություն եւ չի բավարարում Երեւանի զարգացման ու ժառանգության պահպանության խնդիրներով մտահոգ քաղաքացիներին եւ մասնագետներին»։

  • Կիսվել: