հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
1600 տարվա պատմություն ունեցող հայկական եկեղեցին ոչնչացման եզրին է. Փայլան (լուսանկարներ)

1600 տարվա պատմություն ունեցող հայկական եկեղեցին ոչնչացման եզրին է. Փայլան (լուսանկարներ)

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից ընտրված մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն այս օրերին Վանի նահանգում ծանոթացել է հայկական եկեղեցիների, վանքերի և այլ պատմական ու կրոնական հուշարձանների վիճակին, գրում է ermenihaber.am-ը:

Փայլանը այցելել է նաև Վան նահանգի Բաշքալե շրջանում գտնվող Սուրբ Բարդուղիմեոս հայկական վանք, որը գտնվում է կիսաքանդ վիճակում: 

Լրատվամիջոցների հետ զրույցում հայ պատգամավորն, խոսելով նշյալ վանքի մասին, ասել է. 

«Վանքը ամբողջությամբ քանդված վիճակում է: Պահպանվել է մուտքի դռան կամարը, սակայն գմբեթը ավերված վիճակում է: Այս վանքը 1600 տարի կանգուն էր, սակայն վերջին 100 տարվա ընթացքում ոչնչացվեց, լքվեց և այժմ միտումնավոր ոչնչացվում է: Այստեղից դիմում եմ Թուրքիայի մշակույթի նախարարությանը: Ի՞նչ եք կարծում, այս վանքի ոչնչացումից ի՞նչ շահ կա: Ի՞նչ եք մտածում, Թուրքիան շահելո՞ւ է, թե՞ կորցնելու է այս վանքի ոչնչացումից»,- ասել է նա:

Ըստ ավանդության վանքը 1-ին դարում հիմնադրել է Սանատրուկ թագավորը Բարդուղիմեոս առաքյալի գերեզմանի վրա: Վանքը հիշատակվում է 13-րդ դարից։

Միջնադարում վանքը եղել է Աղբակ գավառի առաջնորդանիստ։ Վանքի եկեղեցին 13-րդ դարում կառուցվել է հնագույն բազիլիկի հիմքի վրա:


1915-1916 թվականներին վանքն անցել է թուրք զինվորականների վերահսկողության տակ: 1990-ական թվականներից օգտագործվել է որպես հատուկ զորամասի հենակետ։ Վանական համալիրը մեծապես տուժել է 1966 թվականի երկրաշարժից։ Եկեղեցու գմբեթը կանգուն է եղել մինչև 1960-ական թվականները, սակայն դրանից հետո ամբողջ կառույցը աստիճանաբար փլուզվել է, և գմբեթից ոչինչ չի մնացել։

Բաշքալե շրջանում քուրդ զինյալների դեմ ռազմական գործողություն իրականացնելու հիմնավորմամբ 31 տարի առաջ տեղակայվել էր Թուրքիայի ԶՈՒ հրամանատարության տակ գտնվող երրորդ սահմանային գումարտակի անձնակազմը: Թուրք-քրդական կարգավորման գործընթացի կապակցությամբ զորքերը այս տարածքից դուրս են բերվել և թուրքական իշխանությունները խոստացել էին վերականգնել եկեղեցին, սակայն մինչ այժմ աշխատանքներ չեն իրականացվել:

Այսպիսի տեսք ուներ վանքը 1916թ-ի երկրաշարժից առաջ.

 

  • Կիսվել: