հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
14 վերականգնված գանգ, որոնցից 3-ը՝ մանկական. ինչ են պատմում Արտանիշի պեղումները

14 վերականգնված գանգ, որոնցից 3-ը՝ մանկական. ինչ են պատմում Արտանիշի պեղումները

Վերականգնվում է Արտանիշի պեղումներից հայտնաբերված մարդաբանական նյութը: Պեղումների մասնակիցների հանդիպումը լրագրողների հետ այսօր այս թեմայով էր:

Ինչպես նշեց հնագետ, Արտանիշի պեղումների մասնակից Մարիամ Ամիրյանը՝ Սևանի հյուսիսային ավազանի Արտանիշ թերակղզում երկու դամբարան են պեղել՝ Արտանիշ 23-ը՝ Ք. ա. 11-10-րդ դարերով թվագրվող, և Արտանիշ 29-ը՝ Ք. ա. 8-6-րդ դարերի:

Ամիրյանի խոսքով՝ Արտանիշ թերակղզին առաջին անգամ է պեղվել, պեղումներն այս տարի ևս շարունակվելու են, իսկ մյուս տարի կպեղվի դամբարաններին կից բնակավայրը:

Այս անգամ ուշագրավն այն է, որ պեղումներն իրականացվել են երկրաբանների հետ համագործակցությամբ, արվել են երկրաքիմիական անալիզներ, որոնք թույլ են տալիս առանց պեղումներ անելու իմանալ, թե ինչ նյութեր կան հողի մեջ. սա հայկական հնագիտության համար նորություն է:

Պեղված նյութը հատկապես առանձնահատուկ է թաղման ծեսի բացահայտման առումով, ինչին էլ անդրադարձավ ասուլիսի մյուս բանախոսը՝ Արտանիշի պեղումների հնամարդաբանը: Նա նշեց, որ Արտանիշի պեղումներից հայտնաբերված մարդաբանական նյութը շատ խառն ու խիտ էր: «Այս պահին ունենք 14 ամբողջական վերականգնված գանգ, որոնցից երեքը մանկական են, նաև ունենք առանձին ստորին ծնոտներ: Մտածում ենք, որ այստեղ կարող է զրադաշտական թաղման ծես լինել, որովհետև այրած սրունքի ոսկոր ունենք»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, սակայն, որ դա դեռ ենթադրություն է, իսկ ավելի ամբողջական ու ստույգ տվյալները հայտնի կլինեն լաբորատոր փորձաքննություններից հետո:

Այս առնչությամբ բանախոսը նշեց. «Պալեոգենետիկների հետ ենք համագործակցում, որպեսզի պարզենք՝ հայտնաբերված ոսկորների տերերն իրար հետ ազգակցական կապ ունե՞ն, թե՞ ոչ»:
Նա ասաց նաև, որ դամբարանից մեկում գործ ունենք ոչ ստանդարտ խմբային ծեսի հետ, իսկ մյուսում միայն մեկ անհատի թաղման ծես է: Երկու դեպքերում էլ հայտնաբերվել են նաև ծեսին բնորոշ այլ նյութեր՝ կենդանու ոսկորներ, գայլի ոսկորից պատրաստված հմայիլ, նետասլաքներ, օղեր, մատանիներ, իսկ բեկորներից միայն մի թասիկ է հնարավոր եղել վերականգնել, քանի որ նյութը ցաքուցրիվ է և ոչ ամբողջական:

Բանախոսները նշեցին, որ խմբային ծեսով դամբարանում առկա են թաղման երեք ձևերի համադրում՝ դիադրմանմ, դիամասնատման և դիակիզման, ինչն էլ այն դարձնում է ոչ ստանդարտ, հատկապես՝ դիամասնատումը, թեպետ նման դեպքեր սակավ, բայց եղել են:

Մարիամ Ամիրյանի ու Հասմիկ Սիմոնյանի խոսքով՝ պեղումներն անցկացվել են Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու Երկրաբանական գիտությունների ինստիտուտի համատեղ ջանքերով, իսկ այս տարի իրենց կմիանան նաև գերմանացի գործընկերները:

  • Կիսվել: