ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների բնակապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը

Զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների բնակապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը

Արցախի Հանրապետության Կառավարության որոշմամբ` 44-օրյա պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների համար Հայաստանի Հանրապետությունում բնակարանային մատչելիության ապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԱՀ Բնակարանային հարցերի կոմիտեի ապահովման աշխատակազմի տեղեկատվական և հանրային կապերի բաժնի վարիչ Մարիաննա Պետրոսյանը:

«Պետական աջակցությունը տրամադրվում է ՀՀ տարածքում հիփոթեքային վարկավորման միջոցով բնակտարածք ձեռք բերող շահառուին և ուղղվում է հիփոթեքային վարկի կանխավճարի վճարմանը և ամենամսյա վճարների՝ մայր գումարի և տոկոսագումարի մարմանը: Բնակտարածքի ձեռքբերման արժեքում պետական աջակցության առավելագույն չափը մեկ կամ երկու անձի դեպքում կազմում է 20 մլն դրամ, երեք անձի դեպքում՝ 21 մլն դրամ, իսկ չորս և ավելի անձանց դեպքում՝ 22 մլն դրամ»,-նշել է Մ. Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ շահառուն մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը պետք է դիմում ներկայացնի ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե՝ ներկայացնելով ընտանիքի չափահաս անդամի անձնագրի (հաշվառման էջով) և ընտանիքի անչափահաս անդամի ծննդյան վկայականի, ընտանիքի անդամին հանրային ծառայության համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքի, ամուսնության վկայականի պատճենները, տեղեկանք ընտանիքի կազմի մասին, տեղեկանքներ հաշվառման և բնակության վայրերից, ընտանիքի անդամի՝ զոհվելու (մահանալու) մասին զինկոմիսարիատից կամ Արցախի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների կողմից տրված տեղեկանքը կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը կամ մահվան պատճառական կապի մասին բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի տված տեղեկանքի պատճենը, ընտանիքի յուրաքանչյուր անդամին ԱՀ-ում և ՀՀ-ում սեփականության իրավունքով պատկանող բնակտարածքի վերաբերյալ տվյալների, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո բնակտարածքի օտարման մասին տեղեկանք(ներ)ը, անհրաժեշտության դեպքում` այլ փաստաթղթեր:

  • Կիսվել: