Շուտով կսկսվի դատական փուլը․ Զախարովան՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների զոհվելու մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով այն հարցին, թե մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցի զինծառայողներն ինչու պատասխանատվության չեն ենթարկվել, նշել է. «Երկու երկրների գլխավոր դատախազությունները, քննչական մարմինները սերտորեն շփվում են այդ հարցով, և խաղաղապահների զոհվելու հանգամանքների քննությունն իրականացվում է քրեական գործերի շրջանակներում»:
Նա նշել է, որ քրեական գործեր են հարուցվել ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Ռուսաստանում:
Զախարովան հույս է հայտնել, որ շուտով կսկսվի դատավարությունը:
Հիշեցնենք՝ 2023թ․ սեպտեմբերի 20-ին ՌԴ ՊՆ–ն հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի Ճանկաթաղ բնակավայրի շրջանում ՌԴ խաղաղապահներին տեղափոխող մեքենա է գնդակոծության ենթարկվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ռուս զինծառայողները մահացել են։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ զոհված 5 խաղաղապահների թվում է եղել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ, առաջին կարգի կապիտան 52-ամյա Իվան Կովգանը։