չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վթարային անջատումներից խուսափելու համար բնակչությունը պետք է հնարավորինս խնայողաբար օգտագործի էլեկտրական էներգիան. ԱՀ ՏԿԵ նախարարություն

Վթարային անջատումներից խուսափելու համար բնակչությունը պետք է հնարավորինս խնայողաբար օգտագործի էլեկտրական էներգիան. ԱՀ ՏԿԵ նախարարություն

Արցախի Էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային անջատումների դեպքում առաջանում է հզորության դեֆիցիտ, որը լուծվում է Հայաստանի Հանրապետությունից փոխհոսքի օգնությամբ, ինչը զգալիորեն նվազեցնում է Արցախի Հանրապետության էներգետիկ անվտանգության աստիճանը:

Արցախի ներկայիս էներգետիկ պաշարները ապահովում են ներքին սպառման միայն 57 տոկոսը, մնացածը ներմուծվում է Հայաստանի Հանրապետությունից` միայն մեկ` «Շինուհայր-Ստեփանակերտ» 110կվ օդային գծով:
 
Այս մասին նշել են Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ հավելելով, որ 44֊օրյա պատերազմի արդյունքում տվյալ գծի մի զգալի մասը անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով, ինչը խոչնդոտում է գծի լիարժեք սպասարկմանը և, բնականաբար, պարունակում է համապատասխան ռիսկեր՝ ցանկացած վթար կարող է անդրադառնալ էներգամատակարարման համակարգի վրա:
 
«Եթե դա տեղի ունենա, ապա Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում կառաջանա հզորության դեֆիցիտ և ստիպված կլինենք անցնել հովհարային անջատումների:
 
Պայմանավորված գազամատակարարման դադարեցմամբ, ինչպես նաև ներկա ջեռուցման ժամանակաշրջանից, կտրուկ բարձրացել է օդային գծերի ծանրաբեռնվածության աստիճանը: Հետագայում վթարային անջատումներից խուսափելու համար բնակչությունը պետք է հնարավորինս խնայողաբար օգտագործի էլեկտրական էներգիան, ինչի համար անհրաժեշտ է բոլորր շիկացման լամպերը փոխարինել ԼԵԴ լամպերով, լրացուցիչ միջոցներ ձեռնարկել բնակելի տների ջերմամեկուսացման ուղղությամբ, ջեռուցիչները միացնել ավելի ցածր ջերմաստիճանի վրա,  տնից դուրս գալիս անջատել վարդակից բոլոր սարքերը»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: