հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վիտալի Բալասանյանի ինտրիգը

Վիտալի Բալասանյանի ինտրիգը

Արցախի ԱԽ նախկին քարտուղար, նախագահի նախկին թեկնածու Վիտալի Բալասանյանի նախօրեին տարածած հայտարարության մեջ կա չափազանց ուշագրավ մի նրբերանգ, գրւմ է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը` անդրադառնալով Բալասանյանի Հայաստանի անվտանգության նոր ռազմավարության վերլուծությանը:

«Խոսելով փաստաթղթում ԼՂ կարգավորմանը վերաբերվող դրույթների մասին, Բալասանյանը գտնում է, որ առարկայական է Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում Հայաստանի մոտեցումը, մեջբերում  նրա ժամանակի փաստաթղթից, այնուհետեւ սահուն անցում կատարում այսօրվա իրավիճակին: Ինչու՞ Բալասանյանը չի խոսում Սերժ Սարգսյանի տասնամյա նախագահության շրջանի մասին: Համարում է, որ այդ ընթացքում գերակա է եղել Ռոբերտ Քոչարյանի օրոք մշակված հայեցակա՞րգը: Եթե այդպես է, ապա նա կորող էր գոնե մեկ նախադասությամբ արձանագրել, որ Սերժ Սարգսյանն ապահովել է ԼՂ կարգավորման հայեցակարգի հաջորդայնությունը:

Այդպես ավելի տրամաբանական կլիներ՝ կարող էր նշել, որ կար հստակ մոտեցում, որ արտաքին քաղաքականության հիմքում էր 1998-2018 թվականներին, իսկ ահա եկավ Նիկոլ Փաշինյանը եւ ,,վերադարձավ կարգավորման տխրահռչակ փուլային տարբերակին,,՝ ինչպես ինքն է ձեւակերպել: Եթե խնդիրը դիտարկվեր այս տեսանկյունից, ապա քաղաքական բանավեճի առարկա կունենայինք: Վիտալի Բալասանյանը, մինչդեռ,  Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյա շրջանի գնահատական չի տվել, իրավիճակը գնահատել է մոտեցումների Ռոբերտ Քոչարյան-Նիկոլ Փաշինյան տարբերության հիմքով եւ վերջում հարց ուղղել արդեն Արցախի իշխանությանը՝ կիսու՞մ է նա փաշինյանական մոտեցումը, թե ոչ:

Ավելին, չսպասելով արձագանքի, Բալասանյանն Արցախի քաղաքացիներին կոչ է անում լինել պահանջատեր:  Արցախի նախագահը մինչեւ պաշտոնի ստանձնումն է հրապարակել ԼՂ կարգավորման յոթ սկզբունքները, վերջերս էլ հայտարարել, որ օրակարգ է բերում Արցախի 1000 քառակուսի կիլոմետր տարածքի վերադարձի հարցը: Արցախի քաղաքացիներն իշխանությունից ի՞նչ պարզաբանում պիտի պահանջեն: Հայաստանի ներքաղաքական իրավիճակն Արցախում պրոյեկտելու փո՞րձ է արվում: Վիտալի Բալասանյանի միջոցո՞վ: Թե սա պարզապես նախագահական ընտրություններում միայն երրորդ արդյունքի հասած թեկնածուի քաղաքական ռեաբիլիտացիայի անո՞նս է»,- գրում է քաղաքագետը:

 

  • Կիսվել: