ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վերանայվել է Արցախում գործող բուհերի դասապրոցեսի կազմակերպման ժամանակացույցը

Վերանայվել է Արցախում գործող բուհերի դասապրոցեսի կազմակերպման ժամանակացույցը

Հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով ստեղծված իրավիճակով պայմանավորված` վերանայվել է Արցախում գործող բուհերի դասապրոցեսի կազմակերպման ժամանակացույցը։

«Արցախպրես»-ի հարցմանն ի պատասխան` ԱրՊՀ-ից տեղեկացրեցին, որ բուհում տեղի է ունեցել ռեկտորատի արտահերթ նիստ, որի ընթացքում որոշվել է 2-րդ կիսամյակի 1-ին ընթացիկ ստուգումները հետաձգել մեկ շաբաթով և կազմակերպելաապրիլի 4-ից 8-ը։
 
Ըստ աղբյուրի` ուսումնական պարապմունքները կշարունակվեն ըստ գործող դասացուցակի, իսկ դժվարանցանելի ճանապարհներ ունեցող համայնքներում բնակվող ուսանողների բացակայությունը կհամարվի հարգելի։
 
Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի Լրատվության բաժնի տրամադրած տեղեկության համաձայն` իրավիճակով պայմանավորված` բուհում դասապրոցեսը կսկսվի մարտի 23-ից, իսկ քննաշրջանն արդեն ավարտված է։
 
Մայրաքաղաքի Մեսրոպ Մաշտոց համալսարանից էլ հայտնեցին` պարապմունքները կվերսկսեն մարտի 22-ից, քննաշրջանը՝ մարտի 29-ից։
 
Իսկ Շուշիի Տեխնոլոգիական համալսարանում դասապրոցեսը կմեկնարկի մարտի 21-ից։ Չներկայացող ուսանողների բացակայությունը, սակայն, հարգելի կհամարվի՝ հաշվի առնելով ճանապարհների` եղանակային պայմանների պատճառով առաջացած դժվարանցանելիությունը։

  • Կիսվել: