Վարդավառի տոնը կնշվի Աղավնոյում՝ մի շարք միջոցառումներով
Հուլիսի 24-ին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Վարդավառը կնշվի Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում:
Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը:
«Աղավնոյում Վարդավառի տոնի առթիվ նախատեսվող միջոցառումները մեկնարկել են հուլիսի 23-ից: Այսօր Բերձորի եկեղեցում նախատեսվում է մկրտության արարողություն, իսկ այնուհետև Աղավնոյում սննդի տոնավաճառ, խարույկահանդես և վրանային ճամբար հյուրերի գիշերակացի համար»,-մանրամասնել է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ վաղը՝ հուլիսի 24-ին էլ ծրագրի շրջանակներում կկայանան ազգային խաղեր, երգ ու պար և այլն:
«Գյուղի բնակիչներին առաջարկել ենք կազմակերպել տեղական արտադրանքի համտես-վաճառք՝ այդպիսով նրանց լրացուցիչ եկամուտ վաստակելու հնարավորություն ընձեռելու նպատակով »,- Ա. Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ Աղավնոյում Վարդավառի տոնակատարությանը մասնակցել ցանկացողների տեղափոխումը կիրականացվի անվճար: Ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցները հուլիսի 24-ին կշարժվեն Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից՝ առավոտյան ժամը 9:00-10:30-ը: