ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վահրամ Աթանեսյանը կոչ է անում Դանիել Իոաննիսյանին չխախտել անաչառության սկզբունքը արցախյան ընտրություններում դիտորդական առաքելություն կատարելիս

Վահրամ Աթանեսյանը կոչ է անում Դանիել Իոաննիսյանին չխախտել անաչառության սկզբունքը արցախյան ընտրություններում դիտորդական առաքելություն կատարելիս

«Իրազեկ քաղաքացի» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարե առ այն, որ մարտի 18-ին Մարտունու քաղաքապետի կողմից Արցախի հեղափոխական կուսակցության քարոզարշավը խոչընդոտելու փաստի առթիվ դիմել է Արցախի դատախազությանը՝ քրեական գործ հարուցելու:

Ինչպես գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը, Իոաննիսյանի գրառման ենթատեքստից ստացվում է, որ ինչքան էլ խունվեյբինական այդ խմբակն (Արցախի հեղափոխական կուսակցությունը, խմբ․) իրեն թույլ է տալիս ոչ նորմատիվ բառապաշար, հնչեցնում ֆիզիկական հաշվեհարդարի եւ հեղափոխական էքսպրոպրիացիայի կոչեր, անվանարկում քաղաքական գործիչներին եւ իշխանություններին, գործարար մարդկանց եւ առհասարակ՝ բոլորին, որ չեն կիսում իրենց տեսակետները, Մարտունու քաղաքապետը չպետք է փակեր նրանց ճանապարհը եւ կանխեր շատ հավանական, գրեթե անխուսափելի բախումը:

«Բոլորովին այլ հարց է՝ նախընտրական իրավիճակը դիտարկող կազմակերպության ներկայացուցիչն իրավասու՞ է քրեական գործ հարուցելու պահանջ ներկայացնել դատախազությանը, թե նրա լիազորությունները սահմանափակվում են միջադեպի արձանագրմամբ եւ հրապարակայնացմա՞մբ: Դանիել Իոաննսիյանի գրառումից զգացվում է, որ նա մտադիր է ձվի մեջ մազ փնտրելու մանրախնդրությամբ ամեն ինչ անել, որպեսզի Արցախի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների վրա ստվեր ընկնի:

Անաչառ դիտորդն այս դեպքում պարտավոր էր նաեւ արձանագրել Արցախի հեղափոխական կուսակցություն ինքնանվանվող խմբակի բացահայտ ոչ օրինական գործողությունները, ԿԸՀ ուշադրությունը հրավիրեր նրանց կողմից ընտրական օրենսգքրի պահանջների բազմաթիվ խախտումների վրա եւ պահանջեր, որպեսզի այդ մարդիկ կամ վերադառնային օրենքի դաշտ, ընտրողների հետ հանդիպումների նույն ձեւաչափն ու հռետորաբանությունը կիրառեին, ինչ անում են մրցակիցները, կամ նրանց քարոզարշավն օրենքով սահմանված ընթացակարգով դադարեցվեր:

Եթե իրեն քաղաքական գործիչ համարող անձը թույլ է տալիս անձնական վիրավորանքներ եւ հաշվեհարդարի կոչեր հնչեցնել նախագահի թեկնածուներից մեկի եւ ամենաազդեցիկ կուսակցության առաջնորդի հասցեին, ապա ակնհայտ է, որ նա ներդրված է եւ նպատակ ունի ոչ թե խորհրդարան մտնելու, այլ հնարավորինս աղտոտելու նախընտրական մթնոլորտը, սերմանելու անհանդուրժողականություն, քարոզելու բռնություն, որպեսզի հրահրի քաղաքացիական դիմակայություն:

Ընտրական օրենսգիրքը միանշանակ արգելում է նման քարոզչությունը: Եւ եթե տեղն է եկել, պիտի ասվի, որ դատախզությունը ոչ թե Մարտունու քաղաքապետի, այլ Արցախի հեղափոխական կուսակցություն կոչվող խունվեյբինական խմբակի ղեկավարի քայլերին իրավական գնահատական տա: Անաչառ դիտորդը «մեդալի» երկու կողմը կուսումնասիրեր իրավական գնահատական տալու համար»,- գրում է քաղաքագետը:

  • Կիսվել: