չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Թշնամու ուղիղ նշանառության տակ Ներքին Սզնեքը շարունակում է հույսով արարել. համայնքապետ

Թշնամու ուղիղ նշանառության տակ Ներքին Սզնեքը շարունակում է հույսով արարել. համայնքապետ

ԱՀ Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք համայնքն այսօր գտնվում է թշնամու ուղիղ նշանառության տակ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ներքին Սզնեքի համայնքապետ Էդվարդ Մուսայելյանը:

«Մինչ պատերազմն ապրում էինք մեր առօրյայով ու կյանքի բնականոն հունով: Այսօր ամեն ինչ այլ է. բնակիչների տներն ու դպրոցը գյուղից ոչ հեռու գտնվող թշնամու նշանառության տակ են գտնվում, ինչի պատճառով պատերազմից հետո դպրոցը չի վերաբացվել: Ծնողները վախենում են իրենց երեխաներին դպրոց ուղարկել: Այս պահի դրությամբ գյուղում 47 մարդ է ապրում: Մանկապարտեզ երբևէ չենք ունեցել: Ունենք 10 ազատ տուն, որտեղ կարող ենք ընդունել մեր տեղահանված հայրենակիցներին: Պատերազմի ընթացքում բազմաթիվ տներ ու երկու արտադրական շինություն է ավերվել կամ մասնակի վնասներ կրել: Պետական աջակցությամբ արտադրական շինություններն ու 20 տուն արդեն վերանորոգվել են:

Գյուղում գործում է համայնքապետարան, բուժկետ, մշակույթի տուն: Գյուղը ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված չէ, ամառային շրջանում ջրի պաշարները դեռ բավարարում են գյուղի բնակչությանը: Գյուղամիջյան ճանապարհները գտնվում են վատթար վիճակում»,- նշել է Է. Մուսայելյանը: Նա ցավով տեղեկացրեց, որ պատերազմական գործողությունների ժամանակ գյուղը տվել է 5 զոհ, 5 համագյուղացիներ էլ վիրավորվել են:

Խոսելով բնակիչների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ մեր զրուցակիցը նշել է, որ պատերազմից հետո շուրջ 48 հա. վարելահող և 5 հա. այգի մնացել է թշնամու տիրապետության տակ անցած տարածքներում, ինչի պատճառով բնակիչներից շատերը մնացել են անգործ: Գյուղի երիտասարդներից ութը աշխատում էին «Մարմարի» հանքում. այսօր նրանք մնացել են առանց աշխատանքի: Վերջերս էլ գյուղի հարակից տարածքում ականի պայթյունից 4 խոշոր եղջերավոր անասուն է սատկել:

 

  • Կիսվել: