Ծաղկաշեն. շրջափակում, օր 65-րդ
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման և Արցախի Հանրապետության 65-օրյա շրջափակման պայմաններում Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն համայնքի բնակիչների առջև բազմաթիվ խնդիրներ են ծառացել։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ծաղկաշեն համայնքի ղեկավար Ռաֆիկ Գալստյանը։
«Ամենալուրջ խնդիրը դիզվառելիք չունենալն է, ինչն էլ կենսական նշանակության հարցերի լուծումն անհնարին է դարձնում։ Թոշակառուները կենսաթոշակ են ստանում քարտային տարբերակով` շրջկենտրոն Մարտակերտից, և, տրանսպորտի խնդրով պայմանավորված, դա էլ լրջագույն խնդիր է։ Գյուղում խանութ չի գործում. այդ պատճառով կտրոններով նախատեսված սննդամթերքն առաջին օրերին բերել ու համայնքում բաժանել ենք բնակիչներին։ Նրանցից ոմանք առայսօր որոշ ապրանքատեսակներ ձեռք բերել չեն կարողացել»,-մանրամասնել է Ռ. Գալստյանը։
Համայնքի ղեկավարի խոսքով՝ գյուղը շրջկենտրոնին ու մայրաքաղաքին կապող երթուղային տրանսպորտ չի գործում` չնայած անհրաժեշտությունը շատ է զգացվում։
Խոսելով գյուղի երիտասարդության զբաղվածության մասին` համայնքապետն ընդգծել է` աշխատում էին Կաշենի հանքավայրում, սակայն հասկանալի պատճառներով այսօր նրանք պարապուրդի են մատնված։
Անդրադառնալով իրականացված և պլանավորվող գյուղատնտեսական աշխատանքներին՝ մեր զրուցակիցն իրազեկեց, որ կատարել են 17 հեկտար աշնանացան։
«Պատրաստվում ենք գարնանացանի աշխատանքների մեկնարկին։ Տեսնենք, թե որքանով կհաջողվի։ Այս օրերին շարունակում են անխափան գործել գյուղի բուժկետն ու տարրական դպրոցը, որտեղ ջեռուցումն իրականացվում է փայտով։ Ճիշտ է, գիտակցում ենք, որ ապրում ենք շատ ծանր շրջափուլ, բայց, այնուամենայնիվ, փորձում ենք չհուսահատվել»,-ընդհանրացրել է Ծաղկաշենի համայնքապետը։