հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թող հրապարակեն, ո՞վ է ում ձեռքը բռնել. Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի կողմից բանակցությունների շուրջ տեղեկություններ հրապարակելու մասին

Թող հրապարակեն, ո՞վ է ում ձեռքը բռնել. Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի կողմից բանակցությունների շուրջ տեղեկություններ հրապարակելու մասին

Մեն երջանիկ չենք, որ Հայաստանն ինքը Արցախի նախկին ղեկվարների ձեռամբ, որոնք հետո դարձան ՀՀ ղեկավարներ, դուրս մղվեց բանակցային գործընթացից: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք դա համարում ենք բանակցային գործընթացի համար աղետաբեր: Բայց այսօր փաստն այն է, որ դա է իրավիճակը: Մենք չենք կարող ասել, որ Արցախի իշխանությունն է դրա համար պատասխանատու կամ պատասխանատվություն չունի: Պարզ է, որ Հայաստանն իր կարգավիճակում ունի առաջնային պատասխանատվություն: Ո՞վ է դա երբեւէ կասկածի տակ դրել՛՛:

Դիտարկմանը, որ ՛՛աղետալի բանակցությունների՛՛ մասին վարչապետի հայտարարություններից հետո մամուլում տեղեկություններ կային, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է բանակցություններից գաղտնիքներ բացահայտել, որոնք հերքում են իր հայտարարությունները, Փաշինյանն ասաց. ՛՛Այն ամբողջ ինֆորմացիան, որին կարող է տիրապետել Սերժ Սարգսյանը, դրան տիրապետում եմ ես: Դա իմ սեղանին դրված է 2018 թվականից: Եթե խոսքն ինստիտուցիոնալ բանակցությունների մասին է: Ես բացառում եմ, որ կարող է լինել փաստ, որին ես այսօր չեմ տիրապետում, կամ 2018-ին չեմ տիրապետել: Թող հրապարակեն, ո՞վ է ում ձեռքը բռնել: Էս տարուց ավել է, փաստեր են հրապարակում, ե՞ւ...՛՛:

Նա անդրադարձավ նաեւ հարցին, թե որոնք են Ղարաբաղի հիմնախնդրում Հայաստանի «կարմիր գծերը», արդյոք Հայաստանը հետապնդում է Մինսկի խմբի ձեւաչափով մշակված սկզբունքների այդ թվում ինքնորոշման իրավունքի հիմն վրա խնդրի կարգավորումը .՛՛Երբեմն ես հայտարարություններ եմ անում, որոնց շարժառիթները մինչեւ վերջ բացահայտելու պատեհություն չի լինում: Ես ուզում եմ, որ այն, ինչ ես ասում եմ այստեղ, եւ այն ինչ ասում եմ բանակցային սեղանի շուրջ, իրարից չտարբերվեն: Վերջերս բանակցային գործընթացին մասնակցած մի պաշտոնյա մի նախադասություն է ասել, որը շատ տպավորվել է: Ասել էր՝ մենք բանակցությունների ժամանակ նենց բաներ ենք խոսում, որ եթե իմացվեր դրա մասին, ՀՀ-ում մեզ կարող է որպես պետական դավաճան դատեին: Ես մտածում էի, որ գուցե ես սխալ եմ արել, որ այդպիսի բաներ չեմ խոսել, բայց հետո տեսել եմ, որ 2018-2019 թվականներին այդ խոսացածները կյանքի կոչելու ժամանակներն են եկել: Մի օր գալու է, որ ասեն՝ էդքան խոսեցինք, դե եկեք անենք արդեն՛՛:

Խքոսելով այն մասին, թե ի՞նչ է շահելու Արցախը կոմունիկացիաների վերաբացումից եւ արդյոք կան նախադրյալներ առարկայական քայլերի անցնելու համար, Փաշինյանը պատասխանեց. ՛՛Արցախը շահելու է անվտանգություն եւ բարեկեցության իր բաժինը՛՛:

Փաշինյանը, խոսելով այն մասին, թե ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ-ն Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների վերաբերյալ՝ նկատի ունենալով այն, որ Հադրութը, Շուշին եւ Մարտակերտի որոշ բնակավայրեր նախկին ԼՂԻՄ սահմաններում են եղել՝ ի համեմատ, օրինակ, Քարվաճառի, Քաշաթաղի եւ մյուս տարածքների, որոնց կարգավիճակն իրավական տեսանկյունից վիճարկելի է, ասաց. ՛՛Այն դրույթը, որը նախատեսում էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման ենթադրվող հանրաքվեին պետք է մասնակցեն ցանկացած ազգության ներկայացուցիչներ բնակչության այն համամասնությամբ, որը եղել են 1988թ, Կազանից հետո անհետացել է բանակցային փաստաթղթերից՛՛։

նա նաեւ հավելեց. ՛՛Էլի վերադառնում ենք այն թեմային, որը մեր նախորդ հարցազրույցից հետո շատ մեծ աղմուկի առիթ դարձավ։ Բանակցային գործընթացում մինչեւ 2018թ․ եւ դրանից հետո էլ երբեք ԼՂԻՄ-ը չի դիտարկվել միայն հայկական տարածք։ Ես հենց դա էի ասում ոչ էդքան ուղիղ նախորդ անգամ։ Շուշիի հարց եղել ա՞ բանակցություններում, թե չի եղել, հետո խոսեցի Մադրիդյան սկզբունքներում առկա սկզբունքի մասին, ըստ որի՝ ենթադրվող հանրաքվեին պետք է մասնակցեին ցանկացած ազգության ներկայացուցիչներ այն համամասնությամբ, որով եղել են 1988թ․։

Սա թարգմանաբար նշանակում է, որ եւ հայերը պետք է մասնակցեն Լեռնայի Ղարաբաղի ապագա ճակատագրի որոշմանը, եւ ԼՂԻՄ-ում ապրած ադրբեջանցիները։ Մի տարօրինակ փաստ վրա եմ ուշադրություն հրավիրում՝ էս հանգամանքը հետո բանակցային գործընթացից, թղթերից անհետանում ա, եւ ոչ թե Ադրբեջանն է բարձրաձայնում էդ հարցը, այլ ՀՀ-ն Սերժ Սարգսյանի ստորագրությամբ համանախագահներին, միջնորդներին է դիմում՝ ասելով, որ էդ դրույթը պետք է վերականգնել, անընդունելի է, որ այն չկա, պատկերացնում ե՞ք։ Այն դրույթը, որը նախատեսում է ադրբեջանցիների մասնակցություն ԼՂ կարգավիճակի որոշմանը, բանակցային թղթերից Կազանից հետո դուրս ա գալիս, չկա տենց արձանագրված, եւ այդ դրույթը վերադարձնելու միջնորդություն է ներկայացնում ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը։ Ինչո՞ւ՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը երազում էր, որ ադրբեջանցիները մասնակցեն ԼԵռնային Ղարաբաղի ճակատագրի որոշմանը՝ իհարկե ո՛չ, նա ուզում էր, որ վերադարձվի 1988թ․ համամասնության պահպանման մասին դրույթը, որովհետեւ 1988թ․ ԼՂ բնակչության 70 եւ ավելի տոկոսը հայկական բնակչություն է եղել։

Բանակցային գործընթացում 2016թ․ արձանագրում է, որ շատ կարեւոր բուֆեր ա կորսվել, որ կարող ա հարց առաջանա՝ մի րոպե, համամասնության հետ կապված խնդիր կա։ Դրա համար եմ նախորդ անգամ ասել, որ հայկական կողմը երբեք չի վիճարկել ադրբեջանցիների՝ հանրաքվեին մասնակցության հարցը, որոնք, ըստ բանակցային փաթեթի, պետք է Լեռնային Ղարաբաղի բնակիչներ լինեին։ Դա ես չեմ ստեղծել, նենց տպավորություն էր, թե դա իմ երազանքն էր, ես էդ ձեւակերպումը որպես ժառանգություն եմ ստացել։ Այդ դրույթը չի վերադարձվել՝ լղոզվել է, ինքը (Սերժ Սարգսյանը-խմբ․) ուզել է համամասնության բուֆերը պահի։ Ոչ մեկ չգիտի՝ ԼՂ-ից դուրս եկած 40 000 ադրբեջանցիները, օրինակ, 2017 կամ 2018թթ․ ինչքա՞ն են եղել։

Եթե հաշվի առնենք, որ այդ հանրաքվեն պետք է տեղի ունենա կողմերի համաձայնեցրած ժամկետներում, Ադրբեջանն ասում ա՝ շատ լավ, իմ պատկերացմամբ՝ առաջիկա 50-100 տարում հանրաքվե չի լինելու, ես էս գլխից ասում եմ։ Հայաստանն ասում է՝ համաձայն չեմ եւ պնդում են, որ այդ հանրաքվեն 5 տարի հետո պետք է լինի, Ադրբեջանն ասում է՝ կողմերի համաձայնությամբ պետք է ժամկետը որոշվի, չէ՞, ասում ա՝ հա, ասում ա՝ ես դրա հետ համաձայն չեմ, Հայաստանն էլ ասում ա՝ ես էլ համաձայն չեմ, Ադրբեջանն էլ ասում է՝ դե, համաձայն չես՝ ուրեմն ոչ 5 տարի հետո հանրաքվեն կլինի, ոչ էլ՝ 100։ Սրա մասին է խոսքը։ Շատ ավելի ուղիղ կարող եմ պատասխանել, բայց եկեք չանեմ դա, ես պատասխանեցի հարցին, ամբողջ ինֆորմացիան, որն անհրաժեշտ է հարցի ճշգրիտ պատասխանը տալու համար, ես արդեն տվեցի, մնացածը, խնդրում եմ, իրենք համադրեն՛՛:

  • Կիսվել: